«COP17-ը առիթ դարձավ հյուրընկալելու աշխարհի ամենակարևոր բնապահպանական միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, որոնք մտահոգված են կեսաբազմազանության, կենսամիջավայրերի պահպանությամբ։ Սա առիթ դարձավ մինչև COP17-ի մեկնարկը կազմակերպել մի համաժողով, որտեղ կքննարկվեին այն կարևոր խնդիրները, որոնց լուծումներն ուզում ենք տեսնել COP17-ի ժամանակ։ Որպես գաղտնիք ասեմ, որ խնդիրների լուծումը ոչ թե COP17-ի ժամանակ է գտնվում, այլ նման միջոցառումների շնորհիվ, որոնք ավելի ազատ միջավայր ու հարթակ են ստեղծում քննարկելու, միասին համագործակցելու և հասկանալու, թե որոնք են լուծումները»,- «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
«Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ը մեկնարկեց Պերուի Անդյան լեռներից ժամանած հոգևոր առաջնորդ Վիլկամարու Կիսպե Ուալպայի կողմից անցկացված Անդյան բնիկ ժողովուրդների ավանդական Q’ero արարողությամբ՝ նվիրված Մայր Երկրին (Pachamama)։
Սիմպոզիումի ընթացքում գլոբալ առաջնորդների և բնապահպանական հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակներին վերաբերող խնդիրներ՝ որպես պահպանության բազմազան կառավարման խթանող գործոններ, կառավարման բազմազան ձևերի միջոցով պահպանվող տարածքների համակարգերի իրականացմանը, բնիկ ժողովուրդների և համայնքների կողմից կառավարվող տարածքների իրավունքահեն ճանաչմանը նվիրված հարցեր։
Փաստմանը՝ քանի որ օրակարգում կա նաև էթնիկ ժողովուրդների՝ իրենց տարածքների նկատմամբ իրավունքների ճանաչմանը նվիրված հարց, հետաքրքրվեցինք՝ որպես էթնիկ խումբ արցախահայերը հրավիրվա՞ծ են սիմպոզիումին, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց․ «Սիմպոզիումը բաց է բոլոր հնարավոր էթնիկ խմբերի՝ արցախահայեր, թե այլ էթնիկ խմբերի համար։ Մենք ունենք նաև Պերուից էթնիկ խմբեր, որոնք կես ճանաչված են, կես ճանաչված չեն, իրենց տարածքները ճանաչված են կամ՝ ոչ։ Այստեղ բոլորը փորձում են գտնել իրենց պատասխանները։ Մեր սիմպոզիումը մի կարևոր առաքելություն ունի, որ համաժողովի ընթացքում ստեղծվի մի փաստաթուղթ, որը կուղղվի բոլոր երկրների մասնակիցներին, որ հաշվի առնեն այս համաժողովից դուրս եկած բոլոր այն կարևոր կետերը, որոնք մենք փորձում ենք հասցեագրել ընդհանուր կենսաբազմազանության պահպանության գործում»։
Հարցին՝ որքանո՞վ կենսաբազմազանությունը կարող է նպաստել էթնիկ խմբերի՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, Ռուբեն Խաչատրյանը պատասխանեց․ «Բնապահպանությունն ուղղակի առանձին չէ, ինչպես Խորհրդային Միությունում ընդունված էր, երբ արգելոցները միայն գիտնականների համար էին․ ոչ մեկ մուտք չուներ։ Հիմա մարդիկ հասկացել են, որ բնապահպանությունն առաջին հերթին մարդու մասին է, և եթե մարդը դա չընկալեց, չի կարող լինել բնապահպանություն»։
Տեղեկացնենք՝ սիմպոզիումի ավարտին կընդունվի «Երևանի գործողությունների կոչ» (Yerevan Call to Action) ռազմավարական փաստաթուղթը, որը կծառայի որպես 2027–2030 թվականների միջազգային ճանապարհային քարտեզ՝ «Նպատակ 3»-ի (Target 3 /30×30) իրագործման համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: