Կառավարման խորհրդատու Ալեքսանդր Շաղիկյանի դիտարկմամբ՝ թեև կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը պղնձի համաշխարհային պահանջարկը կաճի մինչև 7 մլն տոննայով, միաժամանակ նվազում է նոր հանքերի երկրաբանական հետախուզումների ծավալը։ Ըստ նրա՝ օրինակ՝ 2025 թվականին այն նվազել է 8%-ով։
«Այսինքն՝ ունենք ահագնացող պահանջարկ, բայց նոր հանքերի երկրաբանական հետախուզումների գլոբալ նվազում։ Ինչպե՞ս պետք է լրացնել այս ճեղքվածքը։
Երեկ ԶՊՄԿ տնօրենը նշեց, որ հանքավայրի բացահայտումից մինչև դրա գործարկումը տևում է 10 տարի, մինչդեռ գլոբալ մակարդակում այդ ժամկետը 16 տարի է։ Հարցն այն է՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է կրճատել այդ ժամանակահատվածը։
Ներդրողի տեսանկյունից դա նաև նշանակում է, որ պետք է կարողանալ որակյալ ներդրողին «ոչ» ասել։ Եթե համապատասխան մարմինները կոնկրետ ծրագրի վերաբերյալ դրական կարծիք չունեն, պետք չէ ձգձգել գործընթացը։ Պետք է ասել՝ «ոչ», բացատրել, որ ծրագիրը լավը չէ և փոփոխությունների կարիք ունի։ Կարևոր է, որ «այո»-ն կամ «ոչ»-ը որակյալ ձևով և կարճ ժամկետում հաղորդվի ներդրողին։ Այդ պատասխանը պետք է հնարավորինս արագ և հստակ ներկայացվի»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական 3-րդ ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ ասաց Շաղիկյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ պաշարները գրավում են ուշադրությունը, բայց կապիտալը ներգրավելու հարցում կարևոր են կանխատեսելիությունն ու կարգավորումների հասկանալիությունը։ Ըստ նրա՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև թույլտվությունների տրամադրմանը։
«Կարող է մեկ-երկու տարի ընդհանրապես պատասխան չլինել, ինչը շատ ավելի վատ է, քան միանգամից բացասական պատասխան ստանալը։ Մեր օրենսդրությունը պետք է դարձնենք ավելի ճկուն և որոշ դեպքերում հրաժարվենք ծայրահեղություններից։
Օրինակ՝ համայնքային լսումների և քննարկումների հարցը պետք է լրջորեն վերաիմաստավորենք։ Շատ դեպքերում այդ լսումների արդյունքում համայնքի վետոյի իրավունքը դառնում է կատեգորիկ սահմանափակում։ Կարծում եմ՝ այն ավելի շատ պետք է ունենա խորհրդատվական բնույթ, այլ ոչ թե լինի իմպերատիվ արգելք։
Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում համայնքի բնակչությունը կարող է ապատեղեկացված լինել, և տարբեր հանգամանքներ կարող են ազդել նրա դիրքորոշման վրա։ Միայն այդ պատճառով բազմամիլիոնանոց ներդրումային ծրագիրը, որը կարող է օգուտ բերել երկրին, վտանգի տակ դնելը մեր երկրի համար անթույլատրելի շռայլություն է»,- նկատեց Թունյանը։
Նա նաև ընդգծեց, որ երբեմն գերագնահատվում է հանրային բացասական կարծիքը։
«Օրինակ՝ ասում են՝ բնակչությունը դեմ է կամ բողոքում է, բայց իրականում կարող է բողոքող լինել բնակչության միայն մի փոքր մասը։ Այդ փոքր խմբի բողոքն ավելի բարձր է լսվում, քան մեծամասնության ձայնը։
Նույն Ամուլսարի դեպքում. կարող էր պայմանականորեն 100 մարդուց 90-ը կողմ լինել, իսկ 10-ը՝ դեմ, բայց այդ 90-ը չէր խոսում, ավելի զուսպ էր արտահայտում իր դիրքորոշումը։
Ֆունդամենտալ լուծումն այն է, որ հասարակությունը նորմալ վերաբերվի նման նախագծերին։ Դրա համար անհրաժեշտ է կրթությունը։ Եթե գրագիտության մակարդակը բարձր լինի, մարդկանց մանիպուլացնելն ավելի դժվար կլինի»,- ասաց պատգամավորը։
Wood Mackenzie խորհրդատվական ընկերության՝ հանքարդյունաբերության և մետաղների գծով փոխնախագահ Վաել Ջաբերն էլ ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտում գործողությունների հստակ հաջորդականություն կա, որին անհրաժեշտ է հետևել, հակառակ դեպքում ոլորտը կարող է վերանալ։
Ըստ նրա՝ ցանկացած կառավարության հարցնելու դեպքում կլսես, որ ցանկանում է ձուլարանների կառուցում և վերամշակման զարգացում։ Ջաբերի խոսքով՝ այդ նպատակը ճիշտ է, սակայն կարևոր է պահպանել գործողությունների հաջորդականությունը։
«Տեսել ենք երկրներ, որոնք դա արել են շատ վաղ փուլում, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտը գրեթե ամբողջությամբ վերացել է»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: