Led Zeppelin ռոք խմբի լեգենդար երգը կօգտագործվի «Նարնիա․ կախարդի եղբորորդին» ֆիլմում

Loudwire – Տարիներ շարունակ Led Zeppelin ռոք խումբը հայտնի է եղել իր երաժշտության օգտագործման իրավունքը ֆիլմերին և հեռուստատեսային նախագծերին տրամադրելու հարցում խիստ ընտրողական մոտեցմամբ։ Սակայն, ըստ տեղեկությունների, 70-ականների լեգենդար ռոքերները թույլատրել են օգտագործել իրենց հանրահայտ՝ «Stairway to Heaven» երգը «Նարնիա․ կախարդի եղբորորդին» (Narnia: The Magician’s Nephew) ֆիլմում։

Ֆիլմի թրեյլերն արդեն հրապարակվել է․ դրա ընթացքում հնչում է Led Zeppelin-ի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Led Zeppelin IV»-ում ընդգրկված դասական ստեղծագործության վերամշակված տարբերակը։

Գրետա Գերվիգի հեղինակած և նրա իսկ բեմադրած ֆիլմը գրող Քլայվ Սթեյփլզ Լյուիսի՝ 1955 թվականին մեկնարկած «Նարնիայի քրոնիկները» վիպաշարի հերթական էկրանավորումն է։ Այն շարքի վեցերորդ գիրքն է, սակայն պատմական ժամանակագրությամբ՝ առաջինը։

Մինչ այս նկարահանվել է «Նարնիայի քրոնիկները» շարքի երեք ֆիլմ՝ «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» (The Lion, the Witch and the Wardrobe), «Արքայազն Կասպիան» (Prince Caspian) և «Լուսաբացի ճամփորդի ճամփորդությունը» (The Voyage of the Dawn Treader)։ Դրանք թողարկվել են Walt Disney-ի և 20th Century Fox-ի մասնակցությամբ։ Գերվիգի «Նարնիա․ կախարդի եղբորորդին» ֆիլմը շարքի առաջին նախագիծն է, որն իրականացնում է Netflix-ը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է փետրվարի 12-ին։

Ինչ վերաբերում է «Stairway to Heaven» երգի օգտագործման բացառիկ թույլտվությանը, ապա, Gold Derby-ի հաղորդմամբ, Գերվիգը Սթիվեն Քոլբերի հետ զրույցում պատմել է, որ անձամբ հանդիպել է խմբի անդամներ Ռոբերտ Փլանթին և Ջիմի Փեյջին՝ նրանց համոզելու համար։

«Դա սիրո մասին էպիկական երգ է, որը պատմում է հոգևոր ճանապարհորդության մասին։ Նույնը նաև այս ֆիլմի պատմությունն է։ Ես նրանց ցույց տվեցի ֆիլմը, խոսեցի դրա մասին, և նրանք երկուսն էլ սիրում են Քլայվ Սթեյփլս Լյուիսի ստեղծագործությունները։ Ամեն ինչ շատ բարեհաջող հանգամանքների համընկնում էր»,– ասել է ռեժիսորը։

Նախկինում Led Zeppelin-ը մերժել էր «Stairway to Heaven» երգն օգտագործելու առաջարկները, այդ թվում՝ Քեմերոն Քրոուի «Գրեթե հայտնի» (Almost Famous) ֆիլմի, ինչպես նաև «Սիմփսոնները» (The Simpsons) և «Շատ տարօրինակ գործեր» (Stranger Things) հեռուստասերիալների համար։

«Նարնիա․ կախարդի եղբորորդին» ֆիլմում գլխավոր դերերը կատարում են երիտասարդ դերասաններ Դեյվիդ Մաքքեննան և Բեատրիս Քեմփբելը։ Դերասանական կազմում են նաև Դենիել Քրեյգը, Քերի Մալիգանը, Էմմա Մաքին, Կիրան Հայնդսը և Մերիլ Սթրիփը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment