«Ամուլսարի ծրագրի հիմնական մարտահրավերը վերագործարկումն էր, քանի որ մոտ ութ տարի չավարտված շինարարական ենթակառուցվածքները, սարքավորումներն ու մետաղական կոնստրուկցիաները շահագործման պատրաստ վիճակի բերելը շատ ավելի բարդ է, քան զրոյից նախագիծ սկսելը»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական երրորդ ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության լեռնահանքային աշխատանքների ղեկավար Արամ Ալոյանը։
Ըստ նրա՝ «այդ տրամաբանության մեջ աշխատում էինք մոտ 16 մլն քմ տարածքի վրա՝ մինչև 3000 մ բարձրության վրա։ Խնդիր կար այդ ամենն որակով իրականացնելու։ Այսօր սկսում ենք շահագործական աշխատանքները»։
Ալոյանը նկատեց, որ արդյունաբերության ոլորտում հիմնական բացերից մեկը երկրաբանական տվյալների և դրանց նկատմամբ վստահության խնդիրն է, քանի որ ամեն ինչի հիմքում երկրաբանական տվյալներն են։ Այդ տվյալների ճշգրտումը բիզնեսի կառավարման կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է։
«Թեղուտի» գլխավոր երկրաբան Հրանտ Հախվերդյանն էլ ասաց, որ Հայաստանում երկրաբանական աշխատանքների նվազագույն շեմի ձևավորումն ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Նրա խոսքով՝ այս աշխատանքների իրականացման համար Հայաստանում պետական մոտեցում է անհրաժեշտ։
«Երկրաբանական ծառայության ստեղծման կողմնակից եմ, որտեղ կհավաքվեն երկրաբանները, և նրանց մտքերի ու կատարած աշխատանքների արդյունքում կգեներացվի գաղափար, որը կօգտագործվի ի շահ երկրաբանական ծառայության։ Կոմպետենտ երկրաբանների, հատկապես առաջնային որոնողագնահատման աշխատանքներ կատարող երկրաբանների պակաս կա»,- ասաց նա։
«Հայասա Մեթալսի» նախագահ Դենիս Մուրն էլ նշեց, որ Հայաստանում գործում է լավ օրենսդրական դաշտ, և կան բազմաթիվ դրական հանգամանքներ, որոնց շնորհիվ որոշել է իր գումարն ու ժամանակը ներդնել Հայաստանում։
«Միգուցե առաջին հայացքից որոշ ուղղություններում բարելավման անհրաժեշտություն կա։ Պետական ուշադրության ու հանրային հանձնառության կարիք կա։ Իրավիճակներ կան, երբ համայնքը բավականին խիստ է թույլտվություն տրամադրելու հարցում, և մանիպուլյացիաների համար տեղ էլ չկա։
Առաջին լիցենզիան ստանալու համար տարիներ պահանջվեցին։ Եվս երեք տեղում փորձում եմ հիմա լիցենզիա ստանալ, երկու տարի սպասել եմ թույլտվության։ Պետք է նորից համաձայնության գալ տեղացիների հետ, հասկանալ՝ որքան պետք է հատուցես։ Բարդ է։
Ամենաանսովորն այն է, որ երբ կառավարությանը ներկայացնում ես բնապահպանական զեկույցը, թափոնների կառավարման զեկույցը, աշխատանքային պլանն ու բյուջեն, ասում են՝ փողդ ցույց տուր։ Ընկերությունները գումար ունեն, բայց ասում են՝ այն պետք է լինի հայկական հաշվում։ Պետք է կապիտալը տեղափոխենք այլ երկիր։ Բոլորդ գիտեք, թե փոխանցումների համար որքան ժամանակ է պահանջվում։
Կան իրավիճակներ, որոնք իսկապես խանգարում են։ Ոլորտում մի քանի ուղղություն անհրաժեշտ է բարելավել։ Շատ երկրներում կարող ես առցանց ընտրել ուղղությունն ու սկսել գործընթացը՝ առանց երկիր այցելելու։ Կարող ես հեռակա անցնել սկզբնական փուլերը։ Հայաստանում բյուրոկրատիան շատ է, և այն պետք է նվազեցնել, որովհետև հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանը պայքարում է յուրաքանչյուր դոլարի համար»,- ասաց Մուրը։
ԶՊՄԿ փոխտնօրեն Վարդան Ջհանյանը քննարկման մոդերատորին՝ ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանին, հարցրեց, թե կառավարությունն ինչ ծրագրեր ունի երկրաբանական ծառայության ստեղծման վերաբերյալ, քանի որ դրա վերջնական հայեցակարգը դեռևս չկա։
Ըստ նրա՝ քննարկվում է երկու ուղղություն՝ ստեղծել լայն գործառույթներ ունեցող կառույց, որը կստանձնի երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացումը, կամ ձևավորել միջազգային լավագույն փորձին համապատասխան կառույց։
Երկրաբան Արման Վարդանյանն ասաց, որ այդ ծառայությունը պետք է զբաղվի տարածաշրջանային ուսումնասիրություններով։
«Եթե մեր ստեղծվելիք կառույցը սկսի հետախուզական աշխատանքներ կատարել, ապա դա կլինի պետական ընկերություն, որը զբաղվում է բիզնեսով»,- ասաց նա։
Ի դեպ, առաջին անգամ արհեստական բանականության միջոցով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետն» ամբողջությամբ լսել, վերլուծել և ամփոփել է Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ի առաջին օրվա քննարկումները։ Այսօր՝ ֆորումի երկրորդ օրը, նա մասնակիցներին է ներկայացրել իր վերլուծությունը։
Արհեստական բանականությունը նման մասշտաբի միջոցառման վերլուծության մեջ կիրառելու գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանն է։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: