Սիրելի՛ գյումրեցիներ,
Շնորհավո՛ր մեր սիրելի Գյումրու տոնը։ Գյումրին սովորական քաղաք չէ․ Գյումրին բնավորություն է, անկոտրում կամք, անսասան արժանապատվություն ու ազգային ոգի։ Գյումրեցին ուրիշ է՝ իր պարզությամբ, սրտաբացությամբ,հյուրընկալությամբ, բայց ամենակարևորը՝ որևէ դժվարության առաջ չկոտրվելու և ցանկացած փորձությունից հետո ավելի ուժեղ ոտքի կանգնելու իր տեսակով։ Այս քաղաքի հզորությունը հենց իր մարդկանց մեջ է։
Սակայն տարիներ շարունակ զրկանքներ տեսած գյումրեցին այսօր արժանի է ոչ թե լոկ սիրուն խոսքերի, այլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի։
Մեր երեխաները պետք է մեծանան սեփական հողում վստահ ապագա ունենալու զգացումով, իսկ Գյումրին պետք է օրեցօր շենանա ու զարգանա։
Մենք չենք գալիս անիմաստ ու փուչ խոստումներով․ մենք մեր խոսքի արժեքը գիտենք և գործով ենք ապացուցել մեր հանձնառությունը։
Այսօր ակնհայտ է՝ ուժեղ և զարգացող համայնքներն են ուժեղ ու անվտանգ պետության միակ հուսալի հիմքը։ Առանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան։
Մեր նպատակն է զարգացնել քաղաքի տնտեսությունը, ստեղծել արժանապատիվ ու բարձր վարձատրվող աշխատատեղեր, որպեսզի գյումրեցին ստիպված չլինի իր հացը վաստակել օտար ափերում։
Այսօր, առավել քան երբևէ, քաղաքական հստակ դիրքորոշում է պետք։ Մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն՝առանց ծնկաչոք ու միակողմանի զիջումների, առանց մեր ազգային ինքնությունից ու պատմությունից հրաժարվելու, առանց մեր հավատքի, հոգևոր արժեքների և Մայր Եկեղեցու դեմ պայքարելու։ Մեզ պետք է այնպիսի խաղաղություն, որը հնարավորություն կտա ապահով, անվտանգ ու հպարտ կառուցել մեր երեխաների ապագան մեր հայրենիքում։
Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը։
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ Գյումրի, շնորհավո՛ր տոնդ, հայրաքաղաք։
Ուժեղ Գյումրի՛։ Ուժեղ Հայաստա՛ն։