Վետերանների հոբելյանը՝ հիշողությունների, ընկերների ու կարմիր շրթներկի ուղեկցությամբ

Մայրաքաղաքի Նոր Նորքի պատերազմի, զինվորների, աշխատանքի, թիկունքի վետերանների խորհրդի նախագահ Հռիփսիմե Բադալյանն այսօր առավոտյան զգեստապահարանից ընտրել էր ամենատոնական հագուստներից, հարդարվել, զարդարվել և չէր մոռացել տոնի ամենակարևոր բաղադրիչը՝ կարմիր շրթներկը։

Տիկին Հռիփսիմեն հասարակական այս կառույցը ղեկավարելու 26 տարվա փորձ ունի։

Մինչ այդ միավորման գլխավոր հաշվապահն է եղել։ Այս տարի հոկտեմբերի 18-ին միավորման 60-ամյակն են նշել։

Մի բանից է նեղսրտած՝ երկու տարի առաջ միությանը պատկանող սենյակը թաղապետարանում խնդրել են ազատել, ասել են՝ վերանորոգելու են։ Գույքն այս ու այն կողմ են տեղափոխել, մինչ օրս սենյակը վերանորոգված չէ։ Թաղապետարանից էլ հստակ պատասխան չեն տալիս։

Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորումում այսօր տոնական հագուկապովները շատ էին։ Միավորման 70-ամյակի հանդիսավոր նիստն էր։ Պաշտոնական արարողությանը մասնակցելուց, անցած ճանապարհը, սխրանքները, դժվար և լավ օրերը, ընկերներին, ովքեր այսօր արդեն իրենց հետ չեն, հիշելուց զատ՝ նաև միմյանց տեսնելու, միմյանց ողջությամբ և առաջիկա ծրագրերով հետաքրքրվելու լավ առիթ էր։

Միջոցառման պաշտոնական մասում միավորման նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրեց միավորման համագործակցությունների ընդլայնումը ԱՊՀ վետերանների միավորումների շրջանակում, ընդգծեց համատեղ միջոցառումների կարևորությունը։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով էլ՝ վետերանական շարժումները կրկնակի կարևոր դեր են խաղում՝ պատմական հիշողության պահպանման և ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

«Յուրաքանչյուր վետերանի, յուրաքանչյուր վետերանական կազմակերպության պարտքն է օգնել աճող սերնդին գտնելու իրենց տեղը կյանքում՝ փոխանցելով նրանց իրենց կյանքի փորձը։ Անհրաժեշտ է, որ երիտասարդությունը մշտապես շփվի հերոսական այն տարիների կենդանի վկաների հետ՝ նրանց մեջ մշտապես սերմանելով հայրենասիրության վեհ գաղափարներ։ Այս հանգամանքը կարևոր է հատկապես այսօր, քանի որ կան պատմությունը խեղաթյուրելու և վերագրելու ցանկություն ունեցողներ։ Մենք նրանց վճռական ասում ենք․ «Ձեռքերդ հեռու մեր սրբազան պատմությունից, մեր հաղթանակից»,- սա այն ուղերձն է, որը հայ վետերանները փոխանցում են երիտասարդներին»։

 

Տոնի կանոնների համաձայն՝ եղան նաև նվերներ և պարգևատրումներ։ Յուրօրինակ նվեր էր պատրաստել «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը․ տոնի առիթով ելույթով հանդես եկավ Արցախի «Վարարակն» համույթը։

Կազմակերպության ջանքերով, ի դեպ, վերահրատարակվում է «Վետերան» ամսագիրը՝ հայերեն և ռուսերեն, թղթային և էլեկտրոնային տարբերակներով։

Հրատարակվում են նաև վետերանների ստեղծագործությունները․ 100-ամյա Լաչին Ստեփանյանի և 104-ամյա Հրանտ Պողոսյանի գրքերն արդեն հրատարակվել են։ 2027-ի հունվարին կհրատարակվի 105-ամյա վետերանի գիրքը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment