«Ռոսատոմը» երկրում նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի վերաբերյալ դրական ազդակներ է ստանում Երևանից։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այս մասին ասել է լրագրողներին։
Սեպտեմբերի 29-ին Երևանում «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկել են 1 ԳՎտ (1000 ՄՎտ) հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցել։ Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել նոր ԱԷԿ-ի տեխնոլոգիայի վերաբերյալ, սակայն ռուսական տարբերակը չի բացառվում։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնությամբ։
Լիխաչովի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները մեծ դրական հանրային արձագանք են առաջացնում:
«Եվ այն բոլոր շփումները, որոնք մենք պահպանում ենք, ցույց են տալիս, որ հնարավորինս սեղմ ժամկետում ՋՋԷՌ-1000 դասի 1 ԳՎտ հզորության էներգաբլոկ կառուցելու, նախագիծն օպտիմալացնելու մեր առաջարկը դրական է ընկալվել», – ասել է Լիխաչովը:
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։