Իրանի և Վրաստանի միջև երկկողմ կապերի զարգացումը պահանջում է հստակ, թափանցիկ և գործնական շրջանակի ստեղծում՝ իրականացման կոնկրետ ժամանակացույցով։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում (Հայաստան, Երևան)։
Իրանի նախագահը նշել է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի աճը՝ ընդգծելով, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներն անմարդկային բնույթ ունեն։
Փեզեշկիանը նաև վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը միջուկային զենքի ստեղծման դեմ և անհիմն որակել երկրի դեմ ուղղված կործանարար քարոզչությունը։
Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է Թբիլիսիի դիրքորոշման թափանցիկությունը հարևան երկրների նկատմամբ և դեմ արտահայտվել այլ պետությունների ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտությանը։
Կոբախիձեն հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համակարգման միջոցով կողմերը կկարողանան նոր պայմանավորվածություններ ձեռք բերել տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։