Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումները շարունակական են

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձիք շարունակում են խոշտանգվել։ Երևանում «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում նման հայտարարություն արեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով` խոշտանգումների մասին վկայում են նաև հայրենադարձված գերիների ցուցմունքներն ու նրանց բժշկական հետազոտությունների արդյունքները։

«Մենք պետք է նայենք, թե միջազգային գործընկերներն ադրբեջանական բանտերի և այնտեղ տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ ինչ գնահատականներ ունեն։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին զեկույցներում առկա է մի սպեցիֆիկ բնութագրում, որը շատ դժվար է գտնել մարդու իրավունքները խախտող այլ պետությունների պարագայում․ խոշտանգումն այստեղ ոչ թե պարզապես սիստեմիկ բնույթ ունի կամ վարչական պրակտիկա է, այլ կրում է էնդեմիկ բնույթ։ Այսինքն՝ դա սովորական գործելակերպի անբաժան մաս է։ Եթե գործ ունենք մի քանի հայտանիշներով խոցելի անձանց հետ՝ էթնիկ, կրոնական պատկանելություն և քաղաքական հակամարտություն, ապա հասկանալի է, որ չենք կարող խուսափել էնդեմիկ խոշտանգումներից»,- շարունակեց Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ 2025 թվականին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան և եղել այն բոլոր հաստատություններում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում պահվել են հայ պատանդներն ու ռազմագերիները։ Նրա խոսքով` այս զեկույցները գաղտնի են և կարող են հրապարակվել միայն տվյալ պետության համաձայնությամբ։

«Ադրբեջանը, բնականաբար, չի տալիս իր համաձայնությունն այդ զեկույցների հրապարակմանը, ինչը պարզորոշ ցույց է տալիս, որ այնտեղ արձանագրված են արատավոր երևույթներ, և որևէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակ պարագայում Ադրբեջանն ինքը հղում կաներ այդ զեկույցներին և կփորձեր հերքել մեր պնդումները»,- նշեց նա։

Սահակյանը կրկին շեշտեց, որ Ադրբեջանը սահմանափակում է Բաքվում պահվող հայ գերիների ֆիզիկական վիճակի մասին տեղեկությունների հասանելիությունը և հրաժարվում նրանց լուսանկարները տրամադրելուց։ Նա շեշտեց, որ հայ գերիների հետ վերջին անմիջական շփումը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24–25-ին։

«2026 թվականին որևէ անմիջական դիտարկում և դրա արդյունքում հավաքագրված տեղեկություն հասանելի չէ։ Վերջին թարմ տեղեկությունները մենք ստացել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Դրանք փաստաթղթային տեսքով են, և այդ տեղեկությունները հավաքագրողն ու փոխանցողը հենց Ադրբեջանի Հանրապետությունն է»,– շարունակեց Սահակյանը։

Նա պարզաբանեց, որ Ադրբեջանը տրամադրել է հայ գերիների վերաբերյալ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների հաշվառման տվյալներ, ձերբակալման պահին արված լուսանկարներ, բժշկական որոշ հետազոտությունների արդյունքներ, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե որ հաստատություններում և որքան ժամանակ են պահվել նրանք, ովքեր են եղել նրանց խցակիցները։ Միաժամանակ, ըստ Սահակյանի, տրամադրվել են նաև այն խցերի լուսանկարները, որտեղ, ադրբեջանական կողմի ներկայացմամբ, պահվում են հայ գերիները։ Սակայն այդ լուսանկարներում բացակայում են հենց պահվող անձինք։

«Այս լուսանկարներում նույնականացման հնարավորություն չկա՝ պարզելու, թե դրանք որ խցերն են, և ինչ օբյեկտիվ կապ գոյություն ունի այդ խցերի ու դրանցում պահվող անձանց միջև»,– ընդգծեց Սահակյանը։

Sputnik Արմենիա

Leave a comment