Ինչ–որ առումով պատմական այց է. Հայաստանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են Երևանում

Բաժանորդագրվել

Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայաստանյան այցը պատմական է համարում։ Նա այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ողջունելով Ղրղզստանի նախագահին` Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դրական ընթացքն ու բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը։

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ–ղրղզական հարաբերությունների զարգացմանը։ Խաչատուրյանը կարևորել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումը՝ համատեղ ծրագրերի միջոցով։

«Սադիր Ժապարովը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար`շեշտելով, որ այցը ինչ-որ առումով պատմական է, քանի որ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան»,– ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և բազմակողմ հարթակներում Երևանի ու Բիշքեկի գործակցությանը՝ վերահաստատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման զգալի ներուժ կա։

Ընդգծվել է ընդհանուր հնարավորությունների քննարկումից կոնկրետ ծրագրերի և նախագծերի մշակմանն անցնելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, գործարար կապերի ակտիվացմանը և ներդրումային համագործակցության ընդլայնմանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ՀՀ նախագահի նստավայրում՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի առիթով Ժապարովի՝ Երևան կատարած այցի ընթացքում։

Leave a comment