Հարությունյանը ներկայացրել է էժան և բարձրորակ դեղերի հասանելիությունն ապահովելու «Ուժեղ Հայաստանի» նախագիծը

«Ուժեղ Հայաստան» ուժի ներկայացրած օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան ձեռք բերել ավելի մատչելի գներով, միաժամանակ բարձր որակի դեղամիջոցներ, հայտարարել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը։

«Դա այսօրվա իշխանության անհեռատես ու անհավասարակշռված քաղաքականության արդյունքում չի ստացվում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորը նշել է, որ Ստրասբուրգում ինքն ու Նարեկ Կարապետյանը հանդիպել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրինության հետո, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերել իրենց խմբակցության նախաձեռնությանը։

Նա տեղեկացրել է նաև, որ երկու օր առաջ հանդիպում են ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ։ Բացի այդ, օրենսդրական առաջարկի շուրջ շփումներ են իրականացվել եվրոպացի այլ գործընկերների հետ։

«Նրանք աջակցություն են հայտնում ու զարմանում, որ նման սահմանափակումներ կան Հայաստանում․ Հիմա ի՞նչ ենք ուզում անել մենք։ Ուզում ենք, որպեսզի եվրոպական սերտիֆիկացում ունեցող, եվրոպացի տնտեսվարողների կողմից արտադրված դեղերը չգան այստեղ ու երկար սպասեն, մինչև մեր լաբորատորիաները փորձաքննություն իրականացնեն․ Մենք ուզում ենք,որ այդ պրոցեսը լինի փաստաթղթային փորձաքննության հիման վրա ընդամնեը 7 օրվա ընթացքում։ Սա այն ծրագիրն է, որի շահառուն լինելու է ցանկացած հայ մարդ»,-ասել է Հարութունյանը։

Ընդդիմադիր օրենսդիրը հույս ունի, որ իշխանությունը մի կողմ կդնի իր «անհասկանալի շահերն» ու կաջակցի այս նախաձեռնությանը, քանի որ իրենց նպատակն է ունենալ բարձրորակ դեղեր, առողջ Հայաստան ու պաշտպանված քաղաքացի։

Leave a comment