COP17-ի առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմը՝ տարածաշրջանում էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով ու աղտոտող նյութերի արտանետմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն հավասարակշռությունը, որը տասնամյակներով պահպանվել էր կենսաբազմազանության շրջանակներում։
Նրա ձևակերպմամբ՝ նշված խնդիրը չի սահմանափակվում միայն մեկ երկրի սահմաններով, այլ սպառնում է տարածաշրջանին. պատերազմների պատճառով ոչնչացվում են անտառները, ջրային ռեսուրսները, վայրի կենդանիները տեղահանվում են, շրջակա միջավայրը «հագեցվում» է քիմիական վնասակար նյութերով ու ծանր մետաղներով:
Նա ընդգծեց, որ բնապահպանական հետևանքները հնարավորինս մեղմելու համար տարածաշրջանում անվտանգային միջոցառումներ են պահանջվում, ինչպես նաև միջազգային համակարգված արձագանք։
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր տարածաշրջանում, բնապահպանական ցեղասպանություն է՝ էկոցիդ, որը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»,- հայտարարեց Իրանի նախագահը՝ շեշտելով, որ ամեն դեպքում Իրանը հավատարիմ է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: