ՀՀ հանքարդյունաբերական երրորդ ֆորումի ժամանակ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Սուրեն Պարսյանը ներկայացրեց ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման սցենարների ուսումնասիրության արդյունքները։
«Մեր ուսումնասիրության ընթացքում դիտարկել ենք հանքարդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր հասույթը։ Յոթ ամսվա հաշվարկով ունենք 470 մլրդ դրամի չափով հասույթ, որը նախորդ տարվա համեմատ 62 տոկոսով ավելի է։ Սա խոսում է քանակական ու արժեքային աճի մասին և ևս մեկ անգամ ընդգծում ոլորտի դինամիկ զարգացումը»,- ասաց Պարսյանը։
Նա արձանագրեց, որ հանքարդյունաբերությունը մեծ տեսակարար կշիռ ունի ՀՀ արտահանման մեջ։
«2026 թվականին ունենք 29,1 տոկոս։ Այսինքն՝ մեր արտահանման մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, և այս տարի այդ տոկոսն էլ ավելի է բարձրանալու՝ հաշվի առնելով մեր արտահանման հետ կապված մի շարք ուղղություններով առկա խնդիրները»,- նշեց տնտեսագետը։
Շարունակելով ուսումնասիրության արդյունքների ներկայացումը՝ Պարսյանը նկատեց, որ հանքարդյունաբերությունն առանցքային նշանակություն ունի պետական բյուջեի համար։
«Այս տարի հավաքագրվել է մոտ 90 մլրդ դրամի հարկ, ինչը 51,2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Սա խոսում է այն մասին, որ հանքարդյունաբերությունը մեծ ներդրում ունի նաև պետական ծախսերի և պետական ծրագրերի իրականացման գործում»,- ասաց նա։
Հաշվի առնելով այս տարվա ցուցանիշները՝ տնտեսագետը նշեց, որ կանխատեսել են ոլորտի՝ այս տարի ռեկորդային՝ մոտ 800 մլրդ դրամի շրջանառություն կամ հասույթ ապահովելու հնարավորությունը։
«Դրա վրա ազդելու է նաև դոլարի փոխարժեքը, որը վերջին ամիսներին զգալի ազդեցություն է թողնում։ Աշխատատեղերի մասով այս տարի ոլորտում կունենանք մոտ 14 500 աշխատատեղ, իսկ անուղղակի աշխատատեղերը մոտ 4-5 անգամ ավելի շատ կլինեն։
Ոլորտում արտադրողականությունը դարձել է ամենաբարձրը Հայաստանում՝ նույնիսկ գերազանցելով ՏՏ ոլորտի ցուցանիշը։ Մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը կազմում է մոտ 50 մլն դրամ, ինչը վկայում է, որ այս ոլորտը դարձել է հավելյալ արդյունք ստեղծող ոլորտներից մեկը»,- ասաց Պարսյանը։
Տնտեսագետը նշեց, որ այս տարի հանքարդյունաբերության ոլորտի կողմից վճարված հարկային մուտքերը կկազմեն ընդհանուր հարկային մուտքերի 5,5 տոկոսը։
«Սա պլանավորված հարկային մուտքերի ցուցանիշն է, իսկ փաստացի հարկային մուտքերը, կարծում եմ, կգերազանցեն 6 տոկոսը»,- ասաց Պարսյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: