ՀՀ–ի հետ հարաբերությունների կարգավորումը նոր թափ ստացավ չվերթերի մեկնարկով․ թուրք նախարար

Բաժանորդագրվել

Թուրք նախարարը հուսով է, որ Երևանում հնչող ուղերձները կնպաստեն միջազգային համագործակցության, խաղաղության և բարեկեցության ամրապնդմանը։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել 2026 թվականի մարտից «Turkish Airlines»-ի չվերթերի մեկնարկով։ Երևանում COP17-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի հունվարին, իսկ 2026 թվականի մարտից նոր թափ է ստացել «Turkish Airlines»-ի չվերթերի մեկնարկով»,– նշեց թուրք նախարարը։

Նրա խոսքով՝ կարգավորման գործընթացի առաջընթացին նպաստում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները։

Թուրք նախարարը վստահեցրեց` Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի խաղաղությամբ և բարեկեցության աճով։

«Հաշվի առնելով նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ բնականաբար շարունակում ենք այս գործընթացը»,– ավելացրեց Յումաքլին։

Նա հույս հայտնեց, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման արագացումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Անդրադառնալով Հայաստան կատարած այցին՝ հիշեցրեց, որ Երևան է ժամանել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Թուրք նախարարը նշեց` հուսով է, որ Երևանում հնչող ուղերձները կնպաստեն միջազգային համագործակցության, խաղաղության և բարեկեցության ամրապնդմանը։

Leave a comment