ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Գիտության ներկա իրավիճակի մասին երկար, բայց վերջին անգամ
Ակադեմիական քաղաք, գիտության 2026-2030 թթ. ռազմավարություն՝ ՀՆԱ-ի 0.75%-ի չափով ֆինանսավորմամբ, և, ընդհանրապես, «մենք կարևորում ենք գիտությունը»։ Սրանք ներկա իշխանության քարոզչական թեզերն են, որոնցից ոչ մեկի համար, ըստ էության, չկա ո՛չ հստակ բովանդակություն, ո՛չ էլ իրականության հետ որևէ առնչություն։
Իսկ իրականությունը հետևյալն է․
– Ակադեմիական քաղաքը չհիմնավորված, պատշաճ հաշվարկներ չունեցող և բովանդակային առումով խիստ անհասկանալի նախագիծ է, որը, երբեք ամբողջությամբ չի իրականացվի։ Դրա համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ՝ մոտ 1 տրիլիոն դրամ, ինչպես նաև մարդկային և կազմակերպչական ռեսուրսներ, որոնք ՉԿԱՆ։
Լավագույն դեպքում կկառուցվեն մի քանի շենք, մի քանի ինստիտուտ ֆիզիկապես կտեղափոխվի նոր տարածքներ, և դրանով ամեն ինչ կավարտվի։ Գիտության բովանդակության ու որակի որևէ էական փոփոխություն չի լինի։
Փոխարենը, առաջիկա տարիներին այս նախագիծը շարունակելու է կլանել զգալի ֆինանսական միջոցներ, որոնք կարելի էր ուղղել գիտության զարգացման համար իսկապես կարևոր նախաձեռնություններին՝ հատկապես գիտական խմբերի հզորացմանը և նոր գիտնականների ներգրավմանը։
– Գիտությանը հատկացվող պետական միջոցները առաջիկա չորս տարիների ընթացքում չեն հասնելու ՀՆԱ-ի 0.75%-ին։ Ավելին՝ խիստ կասկածելի է նույնիսկ 0.5%-ի շեմին հասնելը՝ հաշվի առնելով պետական բյուջեի դեֆիցիտը և արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող ծախսերի աճը։
Սա հասկանալու համար տնտեսագետ լինել պետք չէ. բավական է ծանոթանալ 2026 և 2027 թվականների պետական բյուջեներին։
Այս պայմաններում ռազմավարության մեջ ամրագրված թվային թիրախները մնում են գեղեցիկ, բայց ՍՈՒՏ խոստումներ։
Բայց, իսկապես հետաքրքիր կլիներ լսել ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականը ռազմավարության ֆինանսական մասի վերաբերյալ։ Հետաքրքիր է, չէ՞։
– «Մենք կարևորում ենք գիտությունը» հայտարարող իշխանությունները կարծես ակնկալում են, որ գիտական համայնքը դրա համար պետք է մշտապես շնորհակալություն հայտնի։
Մինչև շնորհակալություն հայտնելը՝ գործընկերներիս առաջարկում եմ հիշել մեկ կարևոր հանգամանք. վերջին ութ տարիների ընթացքում գիտությանը հատկացվող միջոցների մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում նվազել է՝ 0.97%-ից հասնելով 0.8%-ի։
Այլ կերպ ասած՝ պետական բյուջեն աճել է ավելի արագ, քան գիտության ֆինանսավորումը։ Հետևաբար, ֆինանսավորման բացարձակ թվերի աճը դեռևս չի վկայում գիտության նկատմամբ պետական առաջնահերթությունների փոփոխության մասին։ Դա բյուջեի ընդհանուր աճին ուղեկցող իներցիոն գործընթաց է, ինչպես տեղի է ունեցել բազմաթիվ այլ ոլորտներում (ծանոթացեք բյուջեի հետ, հետաքրքիր փաստաթուղթ է)
Ուրեմն, այս իշխանությունները չունեն որևէ հիմք պնդելու, թե գիտությունն իրենց առաջնահերթություններից մեկն է, եթե դրա ապացույցը միայն ֆինանսավորման բացարձակ թվերի աճն է։ Մինչդեռ գիտության մասնաբաժինը պետական ծախսերում նվազում է։ Համեմատության համար՝ գիտության ֆինանսավորման մասնաբաժինը պետական բյուջեի ծախսերում վերջին ութ տարիների ընթացքում աճել է շատ երկրներում, օրինակ՝ Սլովենիայում՝ 0.96%-ից մինչև 1.75%, Կիպրոսում՝ 0.70%-ից մինչև 1.13%, Լատվիայում՝ 0.56%-ից մինչև 0.81%։ Այս երկրների կառավարությունները կարող են նման պնդում անել, Հայաստանի իշխանությունները՝ ոչ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: