Փաշինյան․ ՀԷՑ-ը պետական է դառնում, կառավարման կհանձնենք թոփ ընկերության, չենք մասնավորեցնի

Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը (բաժնեմասը) ճանաչել է որպես հանրության գերակա շահ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում «հաշտեցման» հնարավորությունները փակելու և եզրափակիչ փուլին անցնելու մասին, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ կառավարության «պլան A»-ն ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնելն է և դրա կառավարումը համաշխարհային «թոփ» ընկերության կամ ընկերությունների խմբին հանձնելը։

«Այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք, համենայն դեպս, մեր պլան A-ն դա է։ Եթե հանկարծ ինչ-որ հանգամանք կպարզվի, որ մենք այս պլան A-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը»,- ընդգծել է վարչապետը։

ՀԷՑ-ի սեփականատերերին տրամադրվելիք փոխհատուցումը կորոշվի անկախ գնահատումից հետո։ Կառավարությունը ներկայացրել է նաև գումարի շուրջ հնարավոր անհամաձայնությունների կարգավորման ընթացակարգը, գրում է Sputnik Արմենիան:

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որքան գումար է նախատեսվում վճարել ՀԷՑ-ի ներկայիս սեփականատերերին։

Հարցին արձագանքել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ տեղեկացնելով, որ փոխհատուցման կոնկրետ չափն այս պահին դեռևս որոշված չէ։ Նրա պարզաբանմամբ՝ ընկերության արժեքը պետք է հաշվարկվի համապատասխան մասնագիտացված կազմակերպության իրականացրած գնահատման արդյունքում։

«Գնահատում է իրականացվում` հաշվի առնելով ընկերության ներդրումերը, այդ ժամանակ բաշխված դիվիդենտները, արդյունքում ստացված գնի մասին ծանուցում է ուղարկվում ՀԷՑ–ի սեփականատրերին, որոնք իրավունք ունեն ընդունել կառավարության կողմից առաջարկվող գինը կամ ՀՀ–ում լիցենզավորված այլ կազմակերպության կողմից սեփական գնահատում պատվիրել։ Դրանից հետո այդ առաջարկները համադրվում են, կամ եթե ՀԷՑ սեփականատերերը ոչ համաձայնվում են կառավարության առաջարկի հետ, և ոչ էլ սեփական գնահատումն են իրականացնում, ապա առաջին գնահատմամբ տրվող գումարը դրվում է դեպոզիտարիայում, և գործարքն, ըստ էության, ավարտվում է»,– ընդգծել է նա։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի շուրջ այս տարվա ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպվել է երկու հանրային լսում։ Այդ քննարկումներին ընկերության բաժնետեր «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները մասնակցություն չեն ունեցել։

Օտարման նպատակի իրագործումը նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան նույն թվականի հուլիսի 1-ը, իսկ ամբողջ գործընթացի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027-ի հոկտեմբերի 1-ը։

2026 թվականի մայիսի 8-ին տեղեկություններ են հրապարակվել, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկել է 380,000 դոլար: Գործարարը կառավարության առաջարկած գումարը գնահատել է որպես անընդունելի, ինչի հետևանքով կողմերի միջև բանակցությունները չեն կայացել։ Արդեն հունիսին հայտնի է դարձել, որ կառավարությունը նախատեսում է ՀԷՑ-ի ամբողջ բաժնետիրական կապիտալի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Leave a comment