Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին

Քաղաքականություն

15.10.2026 | 13:36

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր շատ բնական կլինի ունենալ վերջնական և ամբողջական կարգավորում։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված սահմանի հնարավոր շուտափույթ բացման վերաբերյալ լավատեսությունը, և ով է լինելու հայկական կողմի նոր բանագնացը, Միրզոյանը նշեց․

«Անկեղծ ասած՝ դեռ հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա։ Որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը լինի ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը»։

Նախարարի խոսքով՝ Երևանն ու Անկարան գտնվում են գրեթե ամենօրյա շփումների մեջ, և արդեն իսկ արձանագրվել են տեսանելի առաջընթացներ։

«Թուրքիան վերացրել է դեպի Հայաստան ապրանքների արտահանման արգելքը։ Համատեղ ուժերով վերանորոգվում է պատմական Անիի կամուրջը,
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցով գործում է աշխատանքային խումբ, և թուրքական կողմում Ախուրիկի հատվածում արդեն իսկ շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Վերջնական նպատակը, իհարկե, դիվանագիտական հարաբերությունների պաշտոնական հաստատումն է և սահմանի ամբողջական բացումը։ Մենք արդեն ունենք դե ֆակտո հարաբերությունների ուղի»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նաև ընդգծեց, որ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա բիզնես համաժողովից հետո նախատեսվում է հաջորդ ընդլայնված գործարար համաժողովն անցկացնել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

Leave a comment