Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը Կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, COP17 համաժողովի շրջանակում սպասվող քայլերին և պաշտոնական եզրույթների փոփոխությանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ հիմնարար իրավունքներից միակողմանի հրաժարվելն ու զիջումներ անելը խաղաղություն չեն բերելու, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպանական ու հայատյաց քաղաքականությունը։

«Հիմնարար իրավունքների հարցում միակողմանի զիջում անելը չի նշանակում, որ հանցագործը մոռանալու է ամեն ինչ, եթե նույնիսկ դու մոռանում ես»,- ընդգծեց Բեգլարյանը։

Նա հավելեց, որ իշխանության նման դիրքորոշումը պայմանավորված է բացառապես սեփական իշխանությունը պահելու շահով։ Արտակ Բեգլարյանի փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն պաշտպանում արցախցիների իրավունքները, այլև բազմաթիվ ձևերով խանգարում են քաղաքացիական պայքարին։

Ըստ նրա՝ խոչընդոտները դրսևորվում են․

-միջազգային դատական ատյաններից ու միջպետական գանգատներից հրաժարվելով,
-արցախցիներին վերադարձի իրավունքից հրաժարվելու հորդորներով,
-միջազգային համաձայնագրերից Արցախի թեման հանելով,
-հոգևոր-մշակութային կոթողների ու եկեղեցիների ոչնչացումն ըստ էության լեգիտիմացնելով։

Անդրադառնալով Երևանում անցկացվող COP17 համաժողովին՝ Բեգլարյանն ընդգծեց, որ միջազգային բարձրաստիճան պատվիրակությունների այցը հերթական հնարավորությունն է «կաթիլ առ կաթիլ» Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու համար։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ միամտություն կլինի կարծել, թե միայն լսելով հարցերը կլուծվեն, սակայն պայքարը պետք է շարունակել՝ հույս ունենալով, որ մի օր Հայաստանը պետականորեն կստանձնի այդ պատասխանատվությունը։

Արտակ Բեգլարյանը մատնանշեց պաշտոնական բառապաշարում նկատվող միտումնավոր փոփոխությունները։ Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված» ձևակերպումից հանվել է «բռնի» բառը, իսկ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը փոխարինվել է «Ղարաբաղ»-ով։

Նա չբացառեց, որ առաջիկայում իշխանությունները կարող են կիրառել նաև «տեղափոխված» եզրույթը, թեև 2023-2025 թվականներին ընդունված պետական ակտերում դեռևս պահպանվում են «տեղահանված» կամ «բռնի տեղահանված» իրավական ձևակերպումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment