Կառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի բաժնետոմսերը պետությանն օտարելու նախագիծը

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և դրանք պետությանն օտարելու նախագիծը։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Ըստ նախագծի՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, ինչպես նաև ռազմավարական և սոցիալական օբյեկտների բնականոն գործունեության ապահովմամբ։

Նախագծի հավելվածում նշվել է, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակը 246 423 է, իսկ դրանց ընդհանուր անվանական արժեքը՝ շուրջ 20,7 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի մոտ 70%-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ընկերությանը, մնացած 30%-ը՝ «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը։

Կառավարության գնահատմամբ՝ հանրային շահը գերակայում է ընկերության սեփականատերերի շահերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը հնարավորություն կտա ապահովել ավելի քան 1 միլիոն սպառողի հուսալի և շարունակական էլեկտրամատակարարումը, ինչպես նաև արդյունավետ պետական վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ։

Նախագծում կառավարությունը հղում է անում Սահմանադրության՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումը թույլատրող դրույթին, որը նախատեսում է նախնական և համարժեք փոխհատուցում։

Վկայակոչվում են նաև «Էներգետիկայի մասին» օրենքի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցման դեպքում բաժնետոմսերի օտարման հետ կապված դրույթները, ինչպես նաև հանրության գերակա շահի ճանաչման հիմքերն ու ընթացակարգը սահմանող օրենսդրությունը։

Նախագծում հիշեցրել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2025 թվականի նոյեմբերի 17-ին դադարեցրել է ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։

Դրանից հետո՝ 2026 թվականի փետրվարի 17-ին, կառավարությունը բաժնետերերին առաջարկել էր ընկերության բաժնետոմսերն օտարել համաձայնեցված կարգով։ Սակայն, ըստ նախագծի, սահմանված ժամկետում բաժնետերերից պատասխան չի ստացվել, իսկ երեք ամսվա ընթացքում համաձայնեցված կարգով օտարում չի իրականացվել։

Կառավարությունը նաև հիմնավորում է, որ ՀԷՑ-ում գործող ժամանակավոր կառավարումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել, քանի որ այն նախատեսված է որպես սպառողների շահերի պաշտպանության ժամանակավոր միջոց։ Ըստ նախագծի՝ էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման համար անհրաժեշտ է ընկերության ենթակառուցվածքների նկատմամբ կայուն գույքային վերահսկողություն սահմանել։

Կառավարության գնահատմամբ՝ բաժնետոմսերի օտարումը «սեփականատերերին չհիմնավորված վնաս չի պատճառի, քանի որ այն կիրականացվի օրենքով սահմանված կարգով՝ նախնական և համարժեք փոխհատուցմամբ»։

Նախագծով ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործընթացը համակարգելու և իրականացնելու համար պատասխանատու պետական մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի բաժնետոմսերի նկարագրության արձանագրությունը։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս երկու ամսով։ Արձանագրությունը կազմելուց և հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում նախարարությունը պետք է կազմակերպի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը՝ ներգրավելով սահմանված չափանիշներին համապատասխանող անկախ գնահատողի։

Բաժնետերերը նույնպես կարող են ներկայացնել իրենց ներգրաված անկախ գնահատողի հաշվետվությունը։ Բաժնետերերը նաև իրավունք կունենան բաժնետոմսերի նկարագրության արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում այն բողոքարկել ՏԿԵՆ կամ դատարան։

Նախագծով սահմանվել են գործընթացի վերջնաժամկետները։ Բաժնետոմսերի օտարման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը նախատեսվում է սկսել մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտել մինչև հոկտեմբերի 1-ը։

ՀԷՑ-ը պետության վերահկողության տակ վերցնելու գործընթացն սկսվել էր 2025-ին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ գործընթացներին ու նրա կալանքին զուգընթաց։

«Տաշիր Կապիտալ»-ը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը և կառավարության գործողությունները վիճարկում է ներպետական և միջազգային դատարաններում։ Վարչական դատարանը 2026-ի ապրիլին արգելել էր կառավարությանը ՀԷՑ-ն օտարել մինչև մայիսի 25-ը, երբ ավարտվում էր բաժնետերերի հետ բանակցությունների եռամսյա ժամկետը։ Հուլիսին դատարանը հրաժարվել էր քննել «Տաշիր Կապիտալ»-ի նոր հայցը, որով ընկերությունը վիճարկում էր ՀԷՑ-ի բաժնետոմսերը պետությանը փոխանցելու գործընթացը։ Ընկերությունը բողոքարկել էր դատարանի այդ որոշումը։

Կարապետյանները և «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը զուգահեռաբար վիճում են Հայաստանի դեմ Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային դատարանում՝ Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի հիման վրա։ Արտակարգ արբիտրը 2025-ի հուլիսին պարտավորեցրել էր Հայաստանին ՀԷՑ-ի նկատմամբ չկիրառել «Էներգետիկայի մասին» և կարգավորող մարմնի մասին օրենքների նոր դրույթները և ձեռնպահ մնալ ընկերության օտարումից։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այն ժամանակ հայտարարել էր, որ դա միայն նախնական հայցի ապահովման միջոց է, իսկ վեճն ըստ էության դեռ չի քննվել։

Կառավարության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերին արբիտրաժային տրիբունալը մերժել էր Կարապետյանների միջնորդությունը՝ հայցի ապահովման լրացուցիչ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք պահանջում էին արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի հարկադիր վաճառքը և ընկերությանը վերադարձնել լիցենզիան։ Արբիտրաժը 2026-ի հունիսին բավարարել էր Հայաստանի միջնորդությունը, որպեսզի իր իրավասության հարցը քննվի առանձին՝ նախնական փուլում։ Հայաստանը պնդում է, որ գործը ենթակա չէ տրիբունալի քննությանը։

Կարապետյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ ՀԷՑ-ը «կվերադառնա իր օրինական սեփականատիրոջը»։ Պատասխանելով ընկերությունն օտարերկրյա ներդրողի վաճառելու հնարավորության մասին հարցին՝ նա ավելացրել էր, որ «ՀԷՑ-ը վաճառքի ենթակա չէ»։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դեռ 2025 թվականի հունիսին Armenia Today-ին ասել էր, որ ընկերությունը մտադիր է պայքարել բոլոր օրինական միջոցներով։ Նա չէր բացառել միջազգային ատյաններ դիմելը, եթե երկրի ներսում պաշտպանվելու հնարավորությունները սահմանափակվեն։

Armenia Today

Leave a comment