Միացյալ Նահանգները առաջարկել է եվրոպական երկրներին ապասառեցնել որոշ ռուսական ակտիվներ․ այս մասին հայտնել է «Financial Times»-ը՝ հղում անելով չորս աղբյուրների։
Ըստ թերթի՝ նախաձեռնությունը ներկայացվել է անցյալ շաբաթ Մայամիում հանդիպման ժամանակ։ Քննարկումներին մասնակցել են ամերիկացի բանակցողներ Սթիվեն Վիտկոֆը և Ջարեդ Քուշները, նաև Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։ Առաջարկվող տարբերակների թվում է եղել ԱՄՆ հսկողության ներքո հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծումը։
«Միացյալ Նահանգները առաջարկել է ապասառեցնել Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր սառեցված որոշ ռուսական ինքնիշխան ակտիվներ և դրանք փոխանցել Վաշինգտոնի կողմից վերահսկվող կառույցի։ Այս քայլի նպատակն է փորձել վերսկսել խաղաղության բանակցությունները»,- գրել է FT-ն։
Հաղորդվում է, որ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը քննարկվել է որպես համապարփակ խաղաղության համաձայնագրի մաս, և դրանք ապասառեցնելու և միջոցները ծախսելու մեթոդները դեռևս մշակվում են։ Սակայն եվրոպացի պատվիրակները մերժել են Վիտկոֆի և Քուշների նախաձեռնությունը։
Սմերիկյան կողմը խնդրել է Կիեւին ներկայացնել ցանկացած միջոցի ծախսման ծրագիր՝ անկախ դրա աղբյուրից: Վաշինգտոնը նաև առաջարկել է Ուկրաինային համագործակցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներ իրականացնելու և հաշվետվողականությունն ապահովելու հարցում։
ԵՄ-ն և G7 երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվներ: Այս գումարից մոտ 180 միլիարդ եվրոն պահվում է բելգիական Euroclear դեպոզիտարիայում: