Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան վերսկսում է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԶ)։ Նա պարզաբանել է, որ Կիևը, ընդառաջ գնալով ԱՄՆ-ի խնդրանքին, երեք օրով դադարեցրել էր հարվածները ՌԴ էներգետիկ օբյեկտներին, սակայն Մոսկվան շարունակել է գրոհել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 խաղաղակիաց։
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զրկվել են ռուսական բալիստիկ հրթիռների վերաբերյալ ամերիկյան նախազգուշացումներից, ինչպես նաև դանդաղեցվել է Starlink համակարգի աշխատանքը, ինչը բարդացրել է առաջնագծի գործողություններն ու ՌԴ ռազմական օբյեկտներին հասցվող միջին հեռահարության հարվածները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն զգուշացրել էր Կիևին հետախուզական տվյալների հասանելիության արգելափակման մասին՝ ՌԴ էներգետիկային հարվածելու դեպքում, սակայն ավելի ուշ դա ներկայացվել է որպես «տեխնիկական խափանում»։ Արդյունքում, ըստ Զելենսկիի, ռուսական ՆՎԶ-ներին հարվածելու ներքին արգելքը հանված է։
Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ էներգետիկային հարվածելուց հրաժարվելը կարող է ԱՄՆ-ին և Ռուսաստանին մղել նոր գործարքների, ինչը լրացուցիչ ֆինանսավորում կապահովի ռուսական ռազմական մեքենայի համար։ Նա ենթադրել է, որ հաջորդ գործարքը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի գազին։ Բացի այդ, Զելենսկին խիստ քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի ձգտումը՝ Մոսկվայի հետ գործարքներ կնքելու, և նրա համակրանքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ նշելով, որ Թրամփն ունի ինստինկտիվ ձգտում դեպի ավտոկրատներն ու գերհարուստները՝ 20, 30 կամ 40 տարի իշխանությունը պահելու ունակությունը համարելով մեծ ուժի նշան։