Մինչև 12 տարեկան դպրոցականների ֆիզկուլտուրայի բացօթյա պարապմունքը թույլատրվում է առանց քամու՝ մինչև -9°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում՝ մինչև -6°, իսկ 6–10 մ/վրկ քամու դեպքում՝ մինչև -3° ջերմաստիճանում։ 10 մ/վրկ-ից ավելի քամու դեպքում այդ տարիքի երեխաների համար բացօթյա պարապմունք չի իրականացվում։ Քամու դեպքում ավելի մեծ տարիքի սովորողների համար թույլատրելի ջերմաստիճանն ավելի ցածր է։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պայմանները սահմանված են առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի 73-րդ կետով և 9-րդ հավելվածով։
Ի՞նչ ջերմաստիճանում և քամու դեպքում կարելի է դաս անցկացնել դրսում
Կանոնների 9-րդ հավելվածում թույլատրելի ջերմաստիճանը սահմանված է ըստ սովորողի տարիքի և քամու արագության.
մինչև 12 տարեկան՝ առանց քամու -9°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում -6°, 6-10 մ/վրկ քամու դեպքում -3°, 10 մ/վրկ-ից ավելի քամու դեպքում պարապմունք չի իրականացվում,
12–13 տարեկան՝ առանց քամու -2°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում -8°, 6-0 մ/վրկ քամու դեպքում -5°,
14-15 տարեկան՝ առանց քամու -5°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում -12°, 6-10 մ/վրկ քամու դեպքում −8°,
16–17 տարեկան՝ առանց քամու -6°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում -5°, 6-10 մ/վրկ քամու դեպքում -10°։
Այսինքն՝ մինչև 12 տարեկանների համար որքան ուժեղ է քամին, այնքան ավելի տաք պետք է լինի օդը, որպեսզի դասը դրսում անցկացվի։
Իսկ եթե դասն անցնում է մարզադահլիճում
Ցուրտ եղանակին մարզադահլիճում պետք է ապահովվի 17–19° ջերմաստիճան։ Մարզադահլիճի հանդերձարաններում ջերմաստիճանը պետք է լինի առնվազն 18–22° (կանոնների 48-րդ կետ)։
Դասի ժամանակ, եթե դրսում 5°-ից տաք է, մարզադահլիճում բացվում են մեկ-երկու պատուհան։ Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցներին՝ սովորողների բացակայությամբ (49-րդ կետ)։
Քանի՞ դաս կարող է լինել օրական
Կանոնների 6-րդ հավելվածով 1-ին դասարանում օրական թույլատրվում է ոչ ավելի, քան 4 դաս, 2–4-րդ դասարաններում՝ 5 դաս։ Այս դասարաններում շաբաթը մեկ անգամ թույլատրվում է համապատասխանաբար 5 և 6 դաս՝ ֆիզկուլտուրայի դասի հաշվին։
Բացի այդ, 7-րդ հավելվածով կրկնակի դասաժամեր թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, տեխնոլոգիայի, ինչպես նաև ձմռանը՝ ֆիզիկական դաստիարակման պարապմունքների համար։
Ամփոփում
Ամփոփելով՝ մինչև 12 տարեկան սովորողների ֆիզկուլտուրայի դասը դրսում կարող է անցկացվել առանց քամու մինչև -9°, մինչև 5 մ/վրկ քամու դեպքում՝ մինչև -6°, 6-10 մ/վրկ քամու դեպքում՝ մինչև -3° ջերմաստիճանում, 10 մ/վրկ-ից ուժեղ քամու դեպքում այդ տարիքի երեխաների բացօթյա պարապմունքը չի անցկացվում, քամու դեպքում ավելի մեծ տարիքի սովորողների համար սահմաններն ավելի ցածր են, իսկ մարզադահլիճում ցուրտ եղանակին պետք է լինի 17–19°, – տեղեկացնում է Iravaban.net-ը։