Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ ՔՊ-ականները խստորեն քննադատեցին քաղաքային իշխանությանը՝ Գյումրու տոնը Սամվել Կարապետյանի միջոցներով նշելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքային բյուջեից այս նպատակի համար 17 միլիոն դրամ էր նախատեսվել, սակայն բարեգործի փողերով նշելու պարագայում այդ գումարը կմնա քաղաքային բյուջեում ու կծախսվի այլ նպատակների համար։
Մարտուն Գրիգորյանի որդին՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ Կարեն Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանից պահանջեց մանրամասն ներկայացնել, որպեսզի իրենք հանդես գան առաջարկություններով, թե որ նպատակի համար ծախսեն այդ գումարը։
ՔՊ խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը ելույթ ունեցավ՝ Գյումրու իշխանությանը քննադատելով, թե մի տոն անգամ չեն կարողանում ինքուրույն կազմակերպել, ուր մնաց քաղաք ղեկավարեն։
Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ ամեն ինչ ձախողել են, բայց չեն էլ ընդունում։
«Մի հուզվեք, հանգստացեք», -խորհուրդ տվեց Ավետիս Առաքելյանը։
ՔՊ-ականն ասաց, որ «Գյումրու տոն» չի նշանակում միայն համերգ, այս քաղաքը արհեստների ու արվեստների քաղաք է՝ հարուստ ժառանգությամբ, ու Գյումրիին հարիր միջոցառում պիտի կազմակերպվեր։
«Դուք Գյումրու օր ասելով՝ միայն համերգ եք պատկերացնում, այն էլ «ձեր ձևովների» կազմակերպած»-ասաց Էդգար Բաղդասարյանը, եւ շարունակեց. «Դուք «Ձեր ձևովների» փիառն եք անում, պարոն Առաքելյան, իսկ նրանք ձեզ նույնիսկ իրենց շարքերում չտեսան»։
Հետաքրքիրն այն է, որ կոմունալ բաժնի պետ Անդրանիկ Չադրյանի ելույթի ժամանակ լեզակռիվ սկսվեց «Ո՞վ է բարերարը» հարցի շուրջ։
Կոմունալ բաժնի պետը պիտի ներկայացներ Գյումրու տոնածառը տեղադրելու, սոճու ճյուղերի ձեռք բերման ու ապամոնտաժելու ծախսերը։ Չադրյանը դեռ բառ չէր արտաբերել, երբ ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը հարցրեց Ավետիս Առաքելյանին․ «Պարոն Չադրյանին, որ կանչեցիք այստեղ ելույթ ունենալու, էլի հող եք նախապատրաստում, որ որևէ մեկին դիմեք, որ մեր քաղաքի Ամանորն անի՞, ինչպես Գյումրու տոնն են անում, թե՞ ուղղակի նախագիծ է ներկայացնելու։ Ուղիղ, պարզ պատասխան եմ ակնկալում ձեզանից»։
Ավետիս Առաքելյանը պատասխանեց․ «Ուղիղ հող կնախապարաստենք, որ էս անգամ ձեր բարեգործներին ասեք, որ անեն»։ Շավարշ Արամյանը հակադարձեց․ «Մենք բարեգործներ չունենք, մեր բարեգործը կառավարությունն է»։
Ավետիս Առաքելյանը շարունակեց․ «Իմ քայլը» դաշինք ունեք, մնացածները․․․»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: