Գյումրու ավագանու այսօրվա նիստը ընթացավ առանց վիճաբանությունների ու ավելորդ լարվածության, իհարկե, մերթընդմերթ լսվում էին փոխադարձ խայթոցներ, սակայն դրանք շուտասելուկի էին նմանվում։
Այսօրվա քննարկման գլխավոր թեման Գյումրու տոնն էր, որը ամսի 27-ին պիտի նշվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ամանորյա միջոցառումներն էին, մշակույթի ոլորտի միջոցառումների բյուջեի հաստատումը։
ՔՊ-ականներին դուր չէր եկել այն, որ Գյումրու տոնը նշվելու է Սամվել Կարապետյանի միջոցներով, ավելին՝ այս մասին ոչ թե հաղորդվել է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջով, այլ շտապել է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին ասաց․ «Ես համաձայն էի ձեզանից առաջինը լսել Գյումրու օրվա մասին, բայց ոչ քաղաքական այն թիմից, որը ներկայություն էլ չունի էսօրվա ավագանու կազմում», -ասաց Շավարշ Արամյանը։
ՔՊ-ական Լևոն Անանյանն էլ իր կարծիքը հայտնեց մշակույթի բաժնի կողմից մշակված ծրագրի մասին՝ առաջարկելով մանրամասնել, թե որտեղ են միջոցառումներն անցկացվելու, ինչպես են անցկացնելու, որպեսզի բարեգործները հասկանան՝ ինչի համար է ներդրումը, ու չգան, ասեն՝ ես եմ որոշելու՝ ինչպես պետք է լինի միջոցառումը։
Սա դուր չեկավ Ավետիս Առաքելյանին, որը կոշտ հակադարձեց՝ ասելով․ «Պարոն Անանյան, մի բառակապակցություն ասացիք, մեզ ոչ ոք չի կարող թելադրել, թե միջոցառումը ինչպես անցկացնենք, մեզ հետ կարող են միայն համագործակցել ու համաձայնեցնել, չեմ ուզում Ռեմբոյի տեղը դնեմ ինձ, ոչ էլ նրան, բայց էնքան կամք, գիտելիքներ ունենք, որ կարող ենք մարդկանց հետ խոսելու մակարդակում հասցնել նրան, որ մեր հայրաքաղաքին հարիր միջոցառումներ լինեն։ Չկա էդպիսի բան, որ գումարներով, արծաթյա դրամներով մեզ կարողանան կուրացնեն»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: