Մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելու մասին պնդում չեմ արել․ Սուրեն Գրիգորյան

Բաժանորդագրվել

Փոխքաղաքապետն ընդգծել է, որ խոսքը ոչ թե առաջիկայում ներդրվող համակարգի, այլ երկարաժամկետ նպատակի մասին է, որին նախատեսվում է հասնել փուլ առ փուլ։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանը չի նախատեսում արգելել մարզային տրանսպորտի մուտքը մայրաքաղաք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պարզաբանելով նախօրեին տված հարցազրույցում իր արտահայտած մտքերը։

«Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,– նշել է փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ հարցազրույցի բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը որոշ անձանց շրջանում տարակուսանք է առաջացրել։

«Անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով»,– պարզաբանել է փոխքաղաքապետը։

Գրիգորյանն ընդգծել է, որ խոսքը ոչ թե առաջիկայում ներդրվող համակարգի, այլ երկարաժամկետ նպատակի մասին է, որին նախատեսվում է հասնել փուլ առ փուլ։

Leave a comment