Ավելի քան 10 միլիոն ծառ՝ երեք տասնամյակում․ 53 հազարը՝ Հրանտ Դինքի անունով

Լոռու մարզում, Աղստև գետի հովտում տեղակայված Ֆիոլետովո համայնքը եկող տարի իր համայնքապատկան անտառը կունենա։ Անտառը հիմա էլ կա՝ համայնքից վարձակալված տարածքում, այն Ֆիոլետովոյի «փեշերին» է 2007 թվականից։ Անտառը տնկել է «Արմենիան թրի փրոջեքթը» և անվանակոչել Ստամբուլում սպանված հայազգի մտավորական, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անունով։ Անտառում տնկվել է 53 հազար ծառ․ 53-ը Դինքի տարիքն է։

«Արմենիա թրի փրոջեքթ» (Armenia tree project – ATP) հիմնադրամի ստեղծումն անմիջական արձագանք էր 1990-ականների սկզբին Հայաստանում տիրող էներգետիկ ծանր ճգնաժամին և Արցախյան առաջին պատերազմի հետևանքներին։ Հիմնադրամը գործում է 1994 թվականից, այն հիմնադրվել է ամերիկահայ ակտիվիստ և բարերար Քերոլայն Մուգարի կողմից։ Իր հիմնադրումից ի վեր՝ կազմակերպությունը Հայաստանում տնկել է ավելի քան 10 միլիոն ծառ։ Հիմնական նպատակը համայնքների հետ աշխատելն է։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները անտառվերականգնումը և կանաչապատումն են, համայնքներին սոցիալ-տնտեսական աջակցությունը և բնապահպանական կրթությունը։  Հիմնադրամն այժմ Հայաստանում չորս տնկարան ունի, ամենամեծը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում է։ Այստեղ աճեցվում են բացառապես անտառպատման նպատակներով տնկանյութեր։ Տնկարանը հիմնադրվել է 2007 թվականին։

Տնկարան լրագրողական շրջայցի ժամանակ գործառնական տնօրեն Արամ Մովսիսյանը մանրամասներ պատմեց․ «Աճեցնում ենք այս պահի դրությամբ յոթ տեսակի տնկանյութ՝ փակ արմատային համակարգով և բաց արմատային համակարգով․ սոճի, կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, արոսենի, թխկի և կեչի։ Թխկին և կեչին աճեցնում ենք փակ արմատային համակարգով՝ կոնտեյներներով, որովհետև իրենք շատ կարևոր են մեզ համար ու կպչողականության համար այդ մեթոդով աճեցումը բարենպաստ է։ Ավելին, կեչին բաց արմատային համակարգով Հայաստանում շատ դժվար է աճեցնել։  Ընդհանուր այս պահի դրությամբ տնկարանում ունենք երկու միլիոնից ավել տնկանյութ։ 2025 թվականին մեր տնկումների քանակությունն ու ծավալը եղել է մեկ միլիոն տնկանյութ։ Այս տարի մենք տնկում ենք 800 հազար տնկանյութ։ Անտառպատման աշխատանքները մենք իրականացնում ենք Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ և Կոտայք»։

   

Ընտրությունը կատարվում է նախ ազատ հողի առկայության դիտարկումներով․ «Որտեղ որ ազատ հող կա՝ դիտարկում ենք անտառ աճման պայմանները, որտեղ որ հնարավոր է անտառպատում իրականացնել և արդյունք ստանալ, որպեսզի դա չլինի ինքնանպատակ։ Մենք աշխատում ենք համայնքների հետ և համայնքների համար։ Այսինքն՝ մենք դիտարկում ենք այն տարածքները, որոնք համայնքային են․ արոտավայրերը, որոնք կորցրել են իրենց գյուղատնտեսական նշանակությունը, այդ տարածքների մասով մենք բանակցություն ենք ունենում համայնքի ղեկավարության հետ, և համայնքի ղեկավարությունը եթե հարկ է համարում, եթե ցանկություն ունի, որպեսզի այդ տարածքները տրամադրի անտառպատման նպատակով, մենք անհատույց օգտագործման պայմանագիր ենք կնքում իրենց հետ՝ 15-20 տարով։ Ինչո՞ւ 15-20 տարով, որովհետև անտառը արագ կայացող գործընթաց չէ, մեզ պետք է երկարաժամկետ հնարավորություն, որպեսզի այն, ինչ որ մենք տնկել ենք, հասնի իր նպատակին, չլինի միայն տնկել և այդ տարածքից դուրս գալ։ Տնկումներից հետո մենք իրականացնում ենք լրացման աշխատանքներ, խնամքի աշխատանքներ, ուստի մեզ համար կարևոր է, որ այդ ամեն ինչը լինի երկարաժամկետ, կայուն և կառավարելի»։

Aravot.am-ի հարցին՝ 20 տարուց հետո ի՞նչ է տեղի ունենում, հանձնում եք համայնքին և վերջ, այլևս ձեզ հետաքրքիր չէ՞ անտառի ճակատագիրը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ձեր դիմաց գտնվում է Հրանտ Դինքի անտառը, որը ATP-ի առաջին անտառն է, տնկվել է 2007 թվականին։ 2027 թվականին մեր պայմանագիրը ավարտվում է, համայնքի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել՝ ստանձնել և շարունակել կառավարումը։ Հիմա բանակցությունների մեջ ենք իրենց հետ՝ հետագայում, մեր կողմից, եթե խորհրդատվության, օգնության կարիք ունենան անտառը պահպանելու, խնամելու համար, մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը և պարտականությունը մեր վրա վերցնելու։ Քանի որ մենք այնտեղ 20 տարի աշխատել ենք, ունենք բարիդրացիական հարաբերություններ համայնքի ղեկավարության հետ, մենք պարբերաբար իրանց հետ կապի մեջ ենք լինելու, որպեսզի, եթե ինչ-որ խնդիր լինի, արագ արձագանքենք»։

2021 թվականից սկսած հիմնադրամն անտառտնկման և տնկարանների հիմնադրման աշխատանքներն ընդլայնել է ևս երեք մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment