Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց մեզ համար այն հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձում:
Նա նշել է, որ արտահանման շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում։
«Նախ. երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում։ Փոքր պետությունների համար դա միշտ ավարտվում է կորուստներով, իսկ երբեմն՝ ողբերգությամբ։ Սա այն է, ինչի մասին ես ու թիմը զգուշացնում ենք վերջին տարիներին։
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները պաշտպանում են իրենց պետությունների տնտեսական շահերը, հետևաբար՝ իրենց ժողովուրդների շահերը, իրենց քաղաքացիների բարեկեցությունը։
Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ. սա ես վերջին մեկ տարում ասել եմ բազմաթիվ անգամներ, երբ տեսնում էի, որ մեր տնտեսության համար արհեստականորեն խնդիրներ են ստեղծվում։
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են։ Ու դա մի խնդրի պատճառով, որը չպետք է լիներ։ Հաճելի և անիրական խոստումների դիմաց մենք կանգնեցինք լուրջ խնդրի առաջ, որը հարյուր հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությանն է վերաբերում։ Ինչո՞ւ, ի՞նչը մեզ ստիպեց հայտնվել այդ արհեստածին պրոբլեմի մեջ։
Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում»։,-գրել է նա:
Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնությունն է, որը կայացել է 2026 թվականի հոկտեմբերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվել է անհապաղ մատակարարել ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք ամերիկյան և համաշխարհային շուկաներ, ինչին նոյեմբերին կհետևի ևս 500 հազար տոննա, իսկ դրանից հետո՝ ևս 1 միլիոն տոննա։