Քաղաքապետարան․ Շինարարների փողոցում ապամոնտաժվող կրպակների տեղում կանաչ գոտի է լինելու

Շինարարների փողոցում ապամոնտաժվող կրպակների փոխարեն նախատեսվում է բնակիչների համար հասանելի կանաչ գոտի։ Այդ մասին ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Շինարարների փողոցում կրպակներով և այլ շինություններով զբաղեցված համայնքային տարածքները սահմանափակում էին բնակիչների հանրային օգտագործման հնարավորությունները։

«Տարածքներն ազատելու համար իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ։ Այստեղ նախատեսվում է կանաչ գոտի՝ բնակիչների համար հասանելի հանրային տարածքով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից նաև տեղեկացրել են, որ համանման աշխատանքներ են իրականացվում Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Արդեն մի քանի օր շարունակ տարածքում գործող առևտրային կետերի սեփականատերերն ու վարձակալները փորձում են կանխել իրենց խանութների քանդումը։ Վարձակալները պնդում են, որ իրենց անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործունեությունն այլ վայր տեղափոխելու համար, մինչդեռ կրպակատերերը հայտարարել են, որ զբաղեցրած տարածքներն ու իրենց պատկանող գույքն օրինական են։ Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:

Leave a comment