Շիրակի մարզի ամենամեծ գյուղը՝ Ազատանը, որը պաշտոնապես 5900 բնակիչ ունի (զգալի թիվ են կազմում նաև եզդիական համայնքի ներկայացուցիչները), ու որը համարվում է Շիրակի մարզի գյուղատնտեսական լոկոմոտիվը, նոր վարչական ղեկավար ունի։
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը չսկսված՝ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն Ազատանի վարչական ղեկավար է նշանակել մասնագիտությամբ լրագրող Գևորգ Աբրահամյանին, որն աշխատում էր Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
Նշենք, որ Գևորգ Աբրահամյանն ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը, նա հայրենիքի պաշտպանության նվիրյալներից է․ ավագ լեյտենանտ է, լեյտենանտի կոչում ստացել է Արցախում, իսկ ավագ լեյտենանտ նրան շնորհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, մասնակցել է զորահավաքի, եղել է վաշտի հրամանատար։
Նա մամուլի ներկայացուցիչների համար նոր դեմք չէ․ լինելով կարտոֆիլագործության բավական հաջողակ ֆերմեր՝ ակտիվ զրուցակից է, մշտապես իր մասնագիտական կարծիքը անկաշկանդ ներկայացրել է լրագրողներին։ Գևորգ Աբրահամյանի համար տեղական ինքնակառավարումը նորույթ չէ, նա ժամանակին եղել է Ազատանի ամենաակտիվ ավագանու անդամներից մեկը։
Իսկ թե ինչու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Ազատանում վարչական ղեկավարի փոփոխություն տեղի ունեցավ, երբ երեք տարի շարունակ գյուղը կառավարում էր Սեյրան Ոսկանյանը, որին բավական լավ ղեկավար էին համարում, նա հարկ է համարել իր պաշտոնաթողության մասին պարզաբանում ներկայացնել Ազատանի բնակիչներին։
Պարզվում է՝ պատճառը նրան ընտրական ցուցակում չներառելն է։
«Սիրելի՛ Ազատանցիներ, վերջին օրերին իմ վարչական ղեկավարի պաշտոնից հեռանալու հետ կապված տարբեր հարցեր են հնչում, և ճիշտ եմ համարում իմ որոշման մասին խոսել հենց ձեզ հետ։
Երեք տարի աշխատել եմ որպես վարչական ղեկավար, այդ ընթացքում իմ առաջնահերթությունը եղել է համայնքի առօրյա խնդիրները, բնակիչների դիմումները և հնարավորության սահմաններում դրանց լուծումը։ Այս տարիների ընթացքում ձևավորած վստահության ու մարդկային հարաբերությունները ինձ համար շատ կարևոր են։ Ես նաև կուսակցական եմ և թիմի անդամ։ Կուսակցական ու թիմային աշխատանքում իմ նկատմամբ ձևավորված դրական վերաբերմունքը գնահատում եմ և շնորհակալ եմ դրա համար։
Իմ որոշումն էր առաջիկա ընտրական գործընթացում շարունակել իմ գործունեությունը՝ արդեն ավագանու կազմում։ Այդ մասին ես խոսել եմ համայնքի ղեկավարի հետ և հայտնել եմ, որ պատրաստ եմ որպես թիմի անդամ ներգրավել այդ գործընթացում։ Իմ այս որոշումը, սակայն, այս ընտրությունների ընթացքում չիրականացավ։ Ավագանու ցուցակում ես ընդգրկված չեմ, և այս փուլում արդեն որևէ բան փոխելու նպատակ չունեմ։ Ես այս ամենը ասում եմ ոչ թե որևէ մեկին քննադատելու համար։ Պարզապես կարծում եմ, որ երեք տարի ձեզ հետ աշխատելուց հետո ճիշտ է, որ իմ որոշման պատճառները դուք իմանաք հենց ինձանից։
Վարչական ղեկավարի պաշտոնից ազատվել եմ իմ դիմումի համաձայն։ Դա իմ գիտակցված որոշումն է եղել՝ հաշվի առնելով նաև այն ցանկությունը, որ ուզում էի իմ փորձը ու աշխատանքը շարունակել համայնքի կառավարման մեջ այլ ձևաչափով։ Ես հարգում եմ բոլոր որոշումները և շարունակելու եմ հարգել նաև ընտրության իրավունքը», ասաց Սեյրան Ոսկանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: