Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը:
Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը:
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: