Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն առաջարկում է այս փուլում վայելել ԵՄ-ի հետ ջերմ հարաբերություններն ու ապագայում հասկանալ, թե որն է Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժվելու հանգրվանը։

«Ես կարծում եմ՝ ոչ մեկը դա չգիտի։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ անդամ երկրները»,- ասել է Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում։

Նա նշել է, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր աննախադեպ խորն ու սերտ են և տարբեր ոլորտներ են ընդգրկում։ Նախարարը հավելել է՝ խոսքը միայն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, առևտրին

աջակցելու մասին չէ, այլև անվտանգության, արտաքին քաղաքականության և այլնի։

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանում ԵՄ անդամակցության մասին լուրջ խոսակցությունը նոր է սկսվել, և հարցի շուրջ խորը հանրային քննարկումներ չեն եղել, թեև 2024 թվականի գարնանն ընդունվել է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Ես վստահ չեմ, թե ԵՄ-ն որոշում ունի Հայաստանին հենց վաղն ընդունելու որպես լիիրավ անդամ, նույնիսկ եթե Հայաստանն «այո» ասի»,- ասել է նախարարը։

ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Միրզոյանը խոսել է նաև Ռուսաստանի մասին՝ նշելով, որ մենք պատմականորեն մտերիմ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ։

«Պատմականորեն մենք շատ մտերիմ ենք եղել և դեռևս ունենք շատ ամուր կապեր, բայց հնարավոր արձագանքը պետք է կառավարվի։ Նկատի ունեմ՝ ոչ ոք չի ուզում նոր թշնամիներ ստեղծել աշխարհում։ Եվ որևէ մեկին, որևէ երրորդ կողմին վնասելու մտադրություն չկա»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ Վրաստանի դեպքում էլ կհեշտանար կյանքը, եթե երկիրը շարունակեր ԵՄ ինտեգրման իր ուղին։ Նախարարի կարծիքով՝ դա էական փոփոխություն կմտցներ և կփոխեր խոսակցությունն այս փուլում։ Ուստի նրա տպավորությամբ՝ այս փուլում թե՛ Հայաստանը, թե՛ ԵՄ-ն, թե՛ անդամ երկրները վայելում են գործընթացը։

«Եկեք շարունակենք այս ջերմ հարաբերությունները, բացահայտենք նոր հնարավորությունները, հետո ապագայում ինչ-որ պահի միասին կքննարկենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»,- նշեց Միրզոյանը։

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։

Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:

Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Sputnik Արմենիա

Leave a comment