Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը
Պարզվեց՝ «սեփականության իրավունքն անձեռնմխելի և սրբազան իրավունք է» համամարդկային սահմանադրական արժեքները չեն գործում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլ նաև փոքր բիզնես իրականացնող շարքային քաղաքացիների պարագայում։
Աջափնյակում մարդկանց զրկում են օրինական վարձակալության իրավունքով քաղաքացուն պատկանող հողի վրա կառուցված սեփականության իրավունքից։ Ու կապ չունի, որ դատարանն ունի քանդելու գործողությունները կասեցնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումներ (ըստ կից ձայնագրության)։ Աջափնյակի թաղապետը բացահայտ հայտարարում է, թե «դատարանը իրավունք չուներ հայցի ապահովման միջոց կիրառել»։ Նա է որոշում դատական ակտի ճիշտ ու սխալ լինելը, չինովնիկի տրամաբանությունը սա է․ «թող քանդեն սեփականությունը, հետո դատարանը կորոշի»: Ընդ որում, նրա ասածը սոսկ կարծիք չէ, այլ պաշտոնական դիրքորոշում, որն ունի փաստացի հետևանքներ։
Ի դեպ, հիշենք՝ ընդամենը վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատում են հենց հայցի ապահովման միջոց սահմանելու մասին դատական ակտի կատարմանը խոչընդոտելու (հոգևորականին կարգալույծ անելու) համար։
Հաջորդ քայլն արդեն պարզ է․ վաղը դատարանը կմերժի որևէ մեկի կալանքի միջնորդությունը, բայց գործադիրի դատախազը կհայտարարի՝ «Դատարանը սխալ է արել, հանրությունը պահանջում է կալանք, դրա համար մեկ է՝ կալանավորում ենք»։
Անձամբ ողջունում եմ հանրային նշանակության հողերի վրա ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժելու քաղաքապետարանի հետևողական քաղաքականությունը, սակայն դա պետք է արվի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումների սահմաններում և քաղաքացուն հարգելով։ Հասկանալի է, որ ուժը իշխանության ձեռքում է, քաղաքացին ձեզ չի կարող դիմադրել, բայց պետականությունը և ինստիտուտները կայանում են իրավական սահմանափակումները պահպանելու դեպքում։
Թաղապետը, վկայակոչելով «հանրային գերակա շահ»-ը, ամենայն հավանականությամբ տեղյակ չէ, որ դա սահմանադրական հասկացություն է․
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»։
Այս հասարակությունը քաղաքական իշխանությանը ներել է ամենաանհավանական հարցերում, բայց հիշե՛ք Նիկոլո Մաքիավելիի խոսքերը․
«Մարդիկ ավելի շուտ կմոռանան հոր մահը, քան սեփականության կորուստը» («Տիրակալը»)։
Քաղաքային իշխանություննե՛ր, վերադարձե՛ք սահմանադրական սահմաններ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: