Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մեկնաբանել է մայրաքաղաքի Շինարարների փողոցում ապօրինի տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքները՝ անդրադառնալով նաև դրանց վերաբերյալ հնչած դիրքորոշումներին։
«Ես առաջարկում եմ, որ Դուք (Պ․ Զարոկյանը) կամ ձեր ֆրակցիան այդ կրպակների և նմանատիպ շինությունների պաշտպանությանն ուղղված նախաձեռնությամբ հանդես գաք։ Մենք դա քննարկելու առիթ կունենանք, և շատ կցանկանամ, որ հանրությունը տեսնի, օրինակ, որ քաղաքային իշխանությանը հավակնող էս ֆրակցիան կրպակների նկատմամբ ունի էսպիսի վերաբերմունք։ Դա շատ արդար և ազնիվ կլինի»,- ընդգծել է Սուրեն Գրիգորյանը, գրում է Radar.am-ը:
Անդրադառնալով նույն խնդրին՝ Երևանի մյուս փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ևս ևս շեշտել է, որ Շինարարների փողոցի այդ կրպակները կառուցված են համայնքային հողի վրա:
«Ժամանակին ինչ մեխանիզմներով են կառուցվել՝ չգիտենք, և այժմ այդ ամբողջ տարածքը վերադարձնում ենք հանրությանը, որտեղ լինելու է կանաչ գոտի»,- ասել է նա։
Կրպակների քանդման դեմ բողոքող բնակիչները պնդում են, որ ունեն օրինական փաստաթղթեր, ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցվել են լարվածությամբ, հայտնում է Panorama.am-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Աջափնյակ վարչական շրջանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ղեկավար Սերոբ Սարգսյանը քաղաքացիներից մեկին պարզաբանել է, թե կրպակների որ հատվածներն են ենթակա քանդման։
Այդ ընթացքում հավաքվածներին է մոտեցել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Ավելի վաղ Սերոբ Սարգսյանը պատգամավորին մեղադրել է «փորացավ» ունենալու մեջ։
Նկատելով Մանուկյանին՝ վարչական շրջանի ղեկավարն անմիջապես դիմել է նրան՝ հայտարարելով. «Պարոն Մանուկյան, եկել ես աներոջդ բենզալցակայանը պաշտպանելու»։
Սարգսյանի այս խոսքերից հետո Մեսրոպ Մանուկյանը զայրացել է և կտրուկ արձագանքել վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով. «Տո ստի՞, ուրեմն ուշադիր լսի, եթե մարդն ունի սեփականության վկայական… հեսա կթքեմ վրեդ, այ համբալ»։
Դեպքի վայր է ժամանել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լևոն Լևոնյանը, որը հայտնել է, որ ինքն այդ թաղամասի բնակիչներից է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը իշխանական գործընկերոջը ներկայացրել է իր՝ տարածք ժամանելու պատճառները։ Նրա խոսքով՝ քաղաքացիներից մեկն ահազանգել է իրեն՝ տեղեկացնելով, որ ունի սեփականության իրավունքը հաստատող վկայական, սակայն կրպակի զբաղեցրած տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այժմ շինությունը քանդվում է առանց որևէ փոխհատուցման։
Ի պատասխան՝ Լևոն Լևոնյանը պարզաբանել է, որ դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում տվյալ շինությունների նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվելու։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կանաչապատման համար նախատեսված տարածքը որևէ անձ չի կարող սեփականաշնորհել։
«Մենք հիմա վերականգնում ենք հանրային գերակա շահը։ Ես ինքս այս թաղի բնակիչ եմ, առևտուր անելուց տոպրակները ձեռքս թեք եմ քայլում, քանի որ տեղ չկա»,-ասել է Լևոնյանը։
Մեսրոպ Մանուկյանը պահանջել է իրեն ներկայացնել այն փաստաթուղթը, որով հիմնավորվում է կրպակների ապօրինի լինելը։
Քննարկմանը կրկին միջամտել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ Մանուկյանին դարձյալ մեղադրելով իր աներոջը պատկանող բենզալցակայանը պաշտպանելու մեջ։
Դրան արձագանքելով՝ ընդդիմադիր պատգամավորը նախ հորդորել է վարչական շրջանի ղեկավարին իջեցնել ձեռքը, ապա խորհուրդ տվել նման կերպ խոսել Տիգրան Ավինյանի հետ։ Այնուհետև Մանուկյանը հայտարարել է, որ թաղապետին ուղղորդող անձինք նրան սխալ են սովորեցրել։
Տարածքում մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել՝ կրպակների ապամոնտաժման աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով։
Արդեն մի քանի օր շարունակ տարածքում գործող առևտրային կետերի սեփականատերերն ու վարձակալները փորձում են կանխել իրենց խանութների քանդումը։ Վարձակալները պնդում են, որ իրենց անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործունեությունն այլ վայր տեղափոխելու համար, մինչդեռ կրպակատերերը հայտարարել են, որ զբաղեցրած տարածքներն ու իրենց պատկանող գույքն օրինական են։ Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է: