«Սա ուղղակի ապօրինություն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, այս շենքում, այս մարմնում, պետք է իրականացվի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ կառավարության անդամները և ՔՊ խմբակցությունը հանդիպում են կազմակերպել արցախցիների հետ, սակայն «Հայաստան» դաշինքին և «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը չեն հրավիրել։
«Չի կարող ԱԺ շենքում տեղի ունենալ փակ հանդիպում, օրինակ՝ ես չեմ կարող իմ երեխայի հարսանիքն այստեղ կազմակերպել, որովհետև կանոնակարգը թույլ չի տալիս։ Այսինքն՝ մասնավոր միջոցառում, կուսակցական միջոցառում ԱԺ-ում չի կարող լինել։ Դրա համար կա ռեստորան, կուսակցության գրասենյակ, տուն։
ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ հանձնաժողովները, առանձին պատգամավորները, խմբակցությունները կարող են նախաձեռնել հարցերի քննարկում, բայց դա չպետք է լինի միայն իրենց համար, այսինքն՝ գարեջուրը միայն պրոֆմիության անդամներին չի տրվում։ Իրենց քննարկմանը կարող է մասնակցել ցանկացած այլ պատգամավոր, ինչպես նաև կարող է լուսաբանվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների կողմից։
Օրինակ՝ խմբակցության նիստը կարող է փակ լինել, որ միայն խմբակցության անդամները մասնակցեն, բայց եթե դրան հրավիրվում են կառավարության անդամներ, քաղաքացիներ, հետո իմացա, որ նաեւ հեռարձակվում է կուսակցության սոցիալական հաշիվներով, ուրեմն դա նշանակում է, որ միջոցառումը գաղտնի չէ, կուսակցական չէ, փակ չէ։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ես ինչու իրավունք չունեմ դահլիճի ներսից լսել, հարց տալ կառավարության անդամներին կամ հրավիրված այլ անձանց, շփվել մեր քաղաքացիների հետ։ Այդ հնարավորությունից պատգամավորներն ինչու պետք է զրկված լինեն»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։
«Օրինակ՝ մի քանի օր առաջ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներով՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպում էր կազմակերպվել պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և նրանց ընտանիքի անդամների հետ։ Այդ հանդիպման մասին նախապես տեղեկատվություն էր տեղադրված եղել ԱԺ պաշտոնական կայքում, և ցանկացած պատգամավոր կարող էր դրան մասնակցել, իսկ ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ները ազատորեն լուսաբանել …
Իսկ եթե իրենք (ՔՊ-ն) կուսակցական միջոցառում են անում, դրա համար կա կուսակցության գրասենյակ։ Օրինակ՝ իմ մտքով երբեք չի անցել, որ մասնակցեմ ՔՊ-ի վարչության նիստին, ի՞նչ գործ ունեմ ես, բայց ԱԺ-ում տեղի ունենա հանդիպում, քննարկում և պատգամավորին թույլ չտան դրան մասնակցել, դա ապօրինություն է»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Լրագրողի հարցին՝ գուցե մտածում են, որ ընդդիմադիրները կգան, շոու կանեն, նիստը կխանգարվի, նա այսպես արձագանքեց. «ԱԺ-ում շոուներ չեն լինում, ԱԺ-ն թատերական վայր չէ, ԱԺ-ն պետական մարմին է, որտեղ քննարկվում են հանրությանը հուզող հարցեր»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: