Երևանի ավագանին ընդունել է պաշտոնյաների և համայնքային ծառայողների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։
Ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին հարցը բաց քննարկել, բայց քվեարկությամբ որոշվեց նախագիծը թողել չզեկուցվողների փաթեթում, հայտնում է Sputnik Արմենիան:
Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նշել է, որ քննարկման անհրաժեշտություն կար, քանի որ թե՛ ցածր և թե՛ բարձր վարձատրվողների աշխատավարձը բարձրանում է 30 տոկոսով։
«Սակայն նրանց ստացած աշխատավարձի տարբերությունը շատ մեծ է լինում։ Գումարած՝ քաղաքապետի և փոխքաղաքապետների աշխատավարձն է կտրուկ բարձրանում։ Չեմ կարծում, որ տեղյակ չեք, որ աշխատակիցների մոտ էլ են հարցեր առաջացել, թե ինչու է նույն տոկոսադրույքով ավելանում։ Միգուցե ավելի քիչ ստացողներինն ավելի բարձր տոկոսադրույքով ավելացվեի՞ն»,- ասել է նա։
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պարզաբանել է, որ տվյալ որոշմամբ այս փուլում միայն ամրագրվում են այն գործակիցները, որոնց հիման վրա հետագայում բյուջեով հաշվարկվելու են աշխատավարձերի չափերը։
«Այսօր մենք աշխատավարձ չենք բարձրացնում, պարզապես գործակիցներն ենք ֆիքսում, ինչը տեղի է ունենում ամբողջ պետական համակարգում, ինչպես նաև մյուս ՏԻՄ մարմիններում։ Երևանը չի կարող անմասն մնալ այդ գործընթացից»,- ասել է Գալջյանը։
Քվեարկության կազմակերպման ընթացքում նիստը նախագահող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ըստ երևույթին չգիտակցելով, որ խոսափողը միացված է, բարձրաձայն հորդորել է իշխող խմբակցության անդամներին դեմ քվեարկել նախագիծը զեկուցվող դարձնելու ընդդիմության նախաձեռնությանը, հայտնում է Panorama.am-ը:
Արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դեմ են քվեարկել առաջարկին, իսկ աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող նախագիծն ընդունվել է առանց զեկուցման։
Բացի այդ, ՔՊ խմբակցության ավագանու անդամները դեմ են քվեարկել նաև «Մուլտի Վելնես»-ի շենքն ու հարակից տարածքը «Վելնես Երևան»-ին փոխանցելու մասին որոշման նախագիծը զեկուցվող հարցերի շարքում ընդգրկելու առաջարկին։
2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է գործարկել Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմ։ Նոր կարգը տարածվելու է քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքական, վարչական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, ինչպես նաև տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող և պայմանագրային հիմունքներով աշխատող անձանց վրա։
Նախագծով սահմանվել է, որ նշված աշխատակիցների ամսական պաշտոնային աշխատավարձը հաշվարկվելու է բազային աշխատավարձի չափը համապատասխան պաշտոնի համար նախատեսված գործակցով բազմապատկելու սկզբունքով։
Բազային աշխատավարձի չափը յուրաքանչյուր տարի որոշվելու է Երևանի ավագանու կողմից՝ մայրաքաղաքի տարեկան բյուջեի հաստատման գործընթացում։
Հաստատված նախագծին կից ներկայացված հավելվածի համաձայն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար նախատեսվել է 25 գործակից, քաղաքապետի առաջին տեղակալի համար՝ 23, իսկ մյուս տեղակալների համար՝ 22։
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների վարձատրությունը հաշվարկվելու է 15 գործակցի կիրառմամբ, մինչդեռ նրանց տեղակալների աշխատավարձերի համար սահմանվել է 12․5 գործակից։
Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը տեղեկացրել էր, որ պաշտոնյաների վարձատրության հաշվարկման նոր համակարգի կիրառման արդյունքում քաղաքապետի աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից հասնելու է 2 միլիոն 80 հազար դրամի՝ ավելանալով 760 հազար դրամով։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 1 միլիոն 20 հազար դրամից բարձրանալու է մինչև 1 միլիոն 913 հազար 600 դրամ, ինչը նշանակում է 893 հազար 600 դրամի ավելացում։