Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ 43-ամյա Վազգեն Ադամյանը, «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի երեք բնակիչների հետ կազմել և կնքել է ծրագրին մասնակցության վերաբերյալ պայմանագրեր։ Ըստ ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ պայմանագրերի կնքման օրերին այդ քաղաքացիները գտնվել են արտերկրում։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները կասկածում են, որ կեղծ փաստաթղթերի կազմման արդյունքում պետությունից հափշտակվել է խոշոր չափի գումար, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի վնաս։

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Վազգեն Ադամյանը Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարն է։

Leave a comment