Կառավարությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որ հանդիպել են իր վեցամյա պաշտոնավարումն ավարտող ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ու վարչապետության հերթական ժամկետը ստանձնած Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, հանդիպումն էլ եղել է կառավարությունում։ ՍԴ նախագահը, որը զբաղեցնում էր Հայաստանի դատական համակարգի, ըստ այդմ՝ Հայաստանում դատական իշխանության բարձրագույն պաշտոնը, այցելում է կառավարություն՝ գործադիր իշխանության ղեկավարի, նշանակովի պաշտոնյայի աշխատավայր։
Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին բարդ ժամանակահատվածում այդ պաշտոնը ստանձնելու եւ աշխատելու համար։ Իսկ, թե ինչ տրամաբանությամբ է եղել այդ աշխատանքը, թերեւս լավագույնս դրսեւորում է հենց պաշտոնավարման ավարտի այդ դրվագը։ Դրվագը խորհրդանշում է, որ բարձրագույն դատական իշխանությունը հաշվետու է եղել գործադիր իշխանությանը, ի հեճուկս Սահմանադրության։ Որեւէ այլ կերպ, առավել եւս Հայաստանում դե յուրե գոյություն ունեցող սահմանադրական կարգով դժվար է բացատրել, որ ՍԴ նախագահը իր պաշտոնավարման ավարտին այցելում է վարչապետին։ Գուցե ինչ-որ հնար լիներ բացատրել, եթե ՍԴ այցելեր վարչապետը եւ այնտեղ հայտներ շնորհակալություն։ Բայց ՍԴ նախագահն է պաշտոնավարումը ավարտելու առիթով այցելում պաշտոնյայի, հենց որից եւ որի գլխավորած կառույցից առաջին հերթին պետք է լինի անկախ։
Մյուս կողմից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ «կառավարությունը ես եմ», իսկ ահա՝ «Սահմանադրությունը ես եմ» դեռ չի ասել, դա ամենեւին չի նշանակում, որ նրա ավտորիտար հավակնությունը սահմանափակվում է միայն կառավարության շրջանակով։ Հետեւաբար, երբ ասում է, որ ով համաձայն չէ իր հետ՝ չի կարող մնալ կառավարությունում, ապա պետք է նկատի ունենալ նաեւ, որ հնարավոր չէ մնալ իշխանության որեւէ այլ թեւում։ Իսկ Արման Դիլանյանը դեռ պետք է մի քանի տարի էլ պաշտոնավարի որպես ՍԴ շարքային դատավոր։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: