Հենրիխ Մխիթարյանի հեռանալը հաստատ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված. Աբելյան

Հենրիխ Մխիթարյանն իր ինքնակենսագրականում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշմանը, սակայն այդպես էլ ամբողջությամբ չի բացահայտել դրա պատճառները։ Առնվազն «Հայաստանի համար, Հայաստանի հետ» գլխում ֆուտբոլիստը սահմանափակվել է որոշ ակնարկներով՝ խոստանալով, որ մի օր հրապարակայնորեն կպատմի իր որոշման իրական դրդապատճառների մասին։

«Իմ հրաշալի ճանապարհորդությունը հավաքականի հետ տևեց գրեթե տասնհինգ տարի և ավարտվեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում՝ Գերմանիայից 1:4 հաշվով պարտությամբ։

Մարդիկ այն ժամանակ դեռ չգիտեին, որ դա իմ վերջին խաղն էր։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվեց միայն մի քանի օր անց։

Բայց ես ինքս արդեն զգում էի, որ ժամանակն էր։ Ոչ թե որովհետև ինձ իմ տեղում չէի զգում, այլ որովհետև հասկացա՝ հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեի։

Ես շատ էի անհանգստանում երկրպագուների համար, ովքեր մինչ օրս գրում են ինձ ու խնդրում վերադառնալ։

Բայց ես չէի կարող և չէի էլ ուզում վերադառնալ։

Մի օր ես հրապարակայնորեն կպատմեմ՝ ինչու։

Մինչ այդ միայն կասեմ, որ հանդերձարանում երբեք չեմ վիճել խաղընկերներիս հետ, չեմ բարձրաձայնել, չեմ դրսևորել անհարգալից վերաբերմունք։

Ամեն անգամ, երբ հագնում էի Հայաստանի շապիկը, հպարտություն էի զգում։

Վերջին տարիներին խաղային պայմաններն այլևս այնպիսին չէին, ինչպիսին առաջ։

Ես այլևս ինձ նույն մարդը չէի զգում: Խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում», ապա՝ «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում», «Ռոմայում» և այլ ակումբներում։

Իմ վիճակագրությունը հավաքականում՝ 32 գոլ 95 խաղում, այսինքն՝ գրեթե մեկ գոլ յուրաքանչյուր երեք խաղում, այդ թվում՝ երկուական գոլ Իտալիայի և Գերմանիայի դարպասներին։

Այդ 95 խաղերից գրեթե կեսում ես խաղացել եմ այն դիրքում, որն ինձ այնքան էլ դուր չէր գալիս։ Ես երբեք չեմ բողոքել։ Ահա ես այդպիսին եմ»,- ինքնակենսագրականում անկեղծացել է Մխիթարյանը։

Մխիթարյանի այս խոստովանությունը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը։ Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը նկատի է ունեցել, որ հավաքականում հաճախ ստիպված է եղել խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, թեև իր խաղաոճն ավելի հարձակողական է։

«Դիրքի հետ կապված՝ ինքը նկատի ուներ, որ շատ հաճախ հենակետային կիսապաշտպանի դիրքում էր խաղում։ Մարզիչները ստիպված էին իրեն այդտեղ օգտագործել, մինչդեռ ինքը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է։ Իրոք, Մխիթարյանը հարմարվել է իրավիճակին, օգնել է թիմին նույնիսկ այդ դիրքում ու հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է»,- ասաց Աբելյանը։

Ինչ վերաբերում է Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու մյուս հնարավոր պատճառներին, մեկնաբանը տարակուսանք հայտնեց, որ ֆուտբոլիստը որոշումից հետո շուրջ հինգ տարվա ընթացքում այդպես էլ ամբողջությամբ չի բացահայտել փակագծերը։

«Անհասկանալի է: Տարբեր հարցազրույցներում մասամբ է խոսում ու նշում, որ մի օր կասի պատճառը, բայց այդ օրը դեռ չի գալիս։ Ինչո՞ւ եմ ասում՝ անհասկանալի է, որովհետև հանրությունը պետք է հստակ իմանա պատճառներն անձամբ իրենից, քանի որ դա կարող է ինչ-որ բան փոխել թե՛ ֆուտբոլում, թե՛ ֆուտբոլի ֆեդերացիայում։ Դա պետք էր անել շատ ավելի շուտ, որովհետև հինգ տարին երկար ժամանակ է։

Տեսանք, որ վերջերս Պորտուգալիայի հավաքականում սկանդալ եղավ, և Ռոնալդուն ընդամենը մի քանի օր անց տասը էջանոց հայտարարություն տարածեց՝ մանրամասն բացատրելով, թե ինչ է տեղի ունեցել թիմի ներսում։ Իսկ մեզ մոտ ամեն ինչ մնում է խոսակցությունների մակարդակում»,- նկատեց Աբելյանը։

Նրա խոսքով՝ Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալուց հետո եղել են նաև այլ դեպքեր, երբ ազգային թիմի ֆուտբոլիստները վաղաժամ ավարտել են իրենց կարիերան հավաքականում՝ առանց պատշաճ բացատրությունների, երբեմն էլ ընդհանրապես որևէ պատճառ չնշելով։ Մեկնաբանի կարծիքով՝ այս միտումը շարունակվում է։

«Վերջերս նույնիսկ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ հիասթափված է ստեղծված իրավիճակից, քանի որ փորձառու ֆուտբոլիստները տարբեր պատճառներով հերթով լքում են հավաքականը»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող էր լինել Մխիթարյանի՝ հավաքականից հեռանալու պատճառներից մեկը՝ Աբելյանը ասաց, որ հնարավոր կապ է տեսնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։

«Հաստատ պատճառներից մեկը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ է կապված, որովհետև Մխիթարյանը 2023 թվականին հրապարակայնորեն աջակցեց ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին՝ իր նախկին թիմակցին։ Իհարկե, Օզբիլիսը չհաղթեց, բայց դա էլ ժեստ էր, որը ցույց էր տալիս, որ ինքը կցանկանար տեսնել ֆեդերացիայի նախագահի փոփոխություն»,- ասաց մեկնաբանը։

Միաժամանակ Աբելյանը նկատեց, որ հավաքականում հանդես գալը դադարեցնելուց հետո Մխիթարյանը հնարավորություն է ստացել ավելի շատ կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա:

«Մխիթարյանը հավաքականից հեռանալով՝ հնարավորություն ունեցավ ավելի շատ կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա։ Բնականաբար, դա նրան թույլ տվեց նաև ֆիզիկապես ավելի երկար խաղալ։ Նա ֆուտբոլային առումով բավականին պատկառելի տարիքում է, բայց շարունակում է խաղալ ամենաբարձր մակարդակով։ Հավաքական չգալը նրան օգնեց կենտրոնանալ ակումբային ֆուտբոլի վրա»,- եզրափակեց Աբելյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment