«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի Հայաստան է ժամանում հայկական երկաթուղու օրակարգով, հայտարարել է ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հայտնում է «Ազատությունը»:
Ավելի վաղ տեղեկություններ են հրապարակվել, որ ռուսական ընկերության ղեկավարը Հայաստան կժամանի ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Միևնույն ժամանակ այցի հստակ օրը դեռևս չի հրապարակվել։
Ավելի վաղ ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է Բելոզյորովի սպասվող այցին՝ ներկայացնելով առաջիկա բանակցությունների վերաբերյալ իր ակնկալիքները։
«Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք էդ աշխատանքային քննարկման արդյունքներով»,-ասել էր նա։
Հայաստանի իշխանություններն արդեն մի քանի ամիս շարունակ բարձրաձայնում են երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման գործող կոնցեսիոն պայմանագրի հետ կապված խնդիրները։ Պաշտոնական Երևանի գնահատմամբ՝ ներկայիս կառավարման մոդելի պատճառով Հայաստանը զրկվում է որոշակի մրցակցային առավելություններից, քանի որ արևմտյան գործընկերները հետաքրքրված չեն ռուսական կառավարման ներքո գործող երկաթուղային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորությամբ։
Հայկական կողմն առաջարկել է քննարկել երկաթուղու կառավարման իրավունքը երրորդ երկրի փոխանցելու տարբերակը։ Ընդ որում, ըստ Երևանի ներկայացրած մոտեցման, այդ երկիրը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է խնդրի կարգավորմանը հասնել փոխադարձ ըմբռնման և բարեկամական հարաբերությունների պահպանման պայմաններում՝ խուսափելով հարցի շուրջ լարվածության առաջացումից։
Ռուսական կողմն իր հերթին արձագանքել է Երևանի առաջարկներին՝ մատնանշելով գործող կոնցեսիոն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։
Մասնավորապես, ռուսական կողմից զգուշացրել են, որ պայմանագրի պայմանների վերանայման կամ դրա գործողության դադարեցման դեպքում կարող է առաջ քաշվել հայկական երկաթուղային համակարգում իրականացված ներդրումների փոխհատուցման պահանջ։
Այսպիսով, Օլեգ Բելոզյորովի սպասվող այցի ընթացքում քննարկման առանցքում է լինելու հայկական երկաթուղու կառավարման հետագա ձևաչափը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները և գործող պայմանագրից բխող պարտավորությունները։