ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը Բարսելոնա կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկել է Հայաստանի տեխնոլոգիական համագործակցության զարգացման հեռանկարները։
Այցի ընթացքում նա եղել է Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում՝ Barcelona Supercomputing Center (BSC-CNS), ինչպես նաև մի շարք հանդիպումներ է անցկացրել տեխնոլոգիական ընկերությունների, գիտահետազոտական հաստատությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոն կատարած այցելության ընթացքում հայկական պատվիրակությանը ծանոթացրել են Եվրոպայի առաջատար գերհամակարգչային ենթակառուցվածքներից մեկին՝ MareNostrum 5-ին, ինչպես նաև դրան միացված երեք քվանտային համակարգիչներին։ Վերջիններից ամենաարդիականը՝ EuroQCS-Spain-ը, շահագործման է հանձնվել 2026 թվականին։ Ներկայացված համակարգը թույլ է տալիս միասնական ենթակառուցվածքում համադրել ավանդական գերհամակարգչային հաշվարկները, արհեստական բանականության տեխնոլոգիաները և քվանտային հաշվարկային հնարավորությունները։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաջորդ սերնդի MareNostrum 6 գերհամակարգչի ստեղծման և զարգացման ծրագրերին։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել եվրոպական նախագծմամբ կիսահաղորդչային չիպերի օգտագործման հեռանկարները, ինչպես նաև տեխնոլոգիական ինքնավարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
Քննարկումներում կարևոր տեղ է հատկացվել Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնի կուտակած փորձին՝ հաշվարկային հզորությունների և ենթակառուցվածքների հիման վրա գիտահետազոտական, կրթական ու նորարարական միասնական միջավայր ձևավորելու ուղղությամբ։ Կողմերը դիտարկել են Հայաստանի հետ մասնագիտական փորձի փոխանակման, կիրառական գիտական համատեղ հետազոտությունների իրականացման և մասնագետների վերապատրաստման ծրագրերի կազմակերպման հնարավորությունները։ Նշված առաջարկները դրական ընդունելության են արժանացել կենտրոնի ներկայացուցիչների կողմից։
Հայկական կողմը ծանոթացել է նաև BSC AI Factory նախաձեռնության աշխատանքներին և գործունեության հիմնական մոտեցումներին։ Դրանք հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում արդեն իրականացվող AI Virtual Institute և Garden of AI Factories նախաձեռնությունների հետագա առաջխաղացման և զարգացման հնարավորությունների տեսանկյունից։
Աշխատանքային ծրագրով Գևորգ Մանթաշյանն այցելել է նաև Computer Vision Center (CVC) գիտահետազոտական կենտրոն, որտեղ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկման առանցքում են եղել համակարգչային տեսողության և կիրառական արհեստական բանականության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիաների փոխանցման մեխանիզմներին, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը և գիտական հետազոտությունների արդյունքները առևտրային կիրառության հասցնելու հնարավորություններին։
Բարսելոնայում անցկացված աշխատանքային այցի ընթացքում հայկական կողմը մասնակցել է նաև Barcelona New Economy Week (BNEW) միջազգային միջոցառմանը։ Բացի այդ, հանդիպումներ են կազմակերպվել Tech Barcelona-ի, ինչպես նաև Իսպանիայի տնտեսական և ներդրումային ոլորտները ներկայացնող մասնագետների հետ։ Քննարկումների հիմնական թեմաներն են դարձել նորարարական էկոհամակարգերի ձևավորումն ու զարգացումը, երկկողմ տեխնոլոգիական գործակցության ընդլայնումը և Հայաստանի տնտեսության մեջ իսպանական ներդրումների ներգրավման հնարավորությունները։
Իսպանացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը նրանց հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Հայաստանում նախատեսված «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) և «ԴիջիԹեք» (DigiTec) տեխնոլոգիական միջոցառումներին։ Ընդգծվել է այդ հարթակների նշանակությունը մասնագիտական փորձի փոխանակման, գործարար հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև համագործակցության նոր ծրագրերի և նախաձեռնությունների ձևավորման համար։