«Ֆինանսական ճգնաժամի մեղքը իմն է»․ Արմեն Աշոտյանի գործով մեղադրյալ նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը դատարանում փակագծեր բացեց

«2009 թվականին չկար Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան, այդ թվականին կար Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան։ Այդ համալսարանի ռեկտորը Սուրեն Զոլյանն էր, պրոռեկտորն արդեն Բալայանն էր։ Ուղղակի այսպես հռետորական հարց․ եթե այսքան մանրամասն ուսումնասիրվել է դրանից հետո

իրականացվող գործընթացը, ապա ինչո՞ւ չի ուսումնասիրվել, ինչպե՞ս եղավ, որ Կողբացու վրա երեք հարկանի շենքը, որը լրիվ նախատեսված էր 58 պարապմունքների համար, հանկարծ փոխարինվեց, եկավ դրա Պուշկինի վրայի․․․ լրիվ դրա բնակարանային տարածք և ի՞նչ եղավ․ սա ուղղակի հռետորական հարց է»,- այսօր դատարանում  հայտարարեց Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հիմնական մեղադրյալներից Գայանե Գասպարյանը՝ անդրադառնալով մեղադրանքի «պատմական էքսկուրսի» հատվածին։

Դատարանն այսօր շարունակեց լսել մեղադրյալների խոսքը՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ։

Դատախազությունը, հիշեցնենք, 208 միլիոն դրամի գույքային պահանջ է ներկայացրել մեղադրյալներին։

Նախկին ռեկտորը շատ փակագծեր բացեց․ «Այդ ժամանակ ոչ Գայանե Գասպարյանն էր, ոչ էլ կարգավարն էր․․․ եղել է արդյոք այդ ժամանակ նախարարի միջամտություն։ Կարծում եմ՝ ոչ։

Եվ երկրորդ դիտարկումը՝ երեք անգամ կրկնվում է մի թիվ, երեք մեղադրյալների մոտ, որ աշխատավարձը Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում բարձրացել է 25%-ով։ Սա սխալ թիվ է։ Նախ և առաջ նշեմ, որ Բրյուսովի համալսարանում աշխատավարձը բարձրացել է կես տարվա ընթացքում երկու անգամ 20%-ով:

Ես հիշում եմ լավ, երբ որ պարոն Աշոտյանը ինձ հրավիրեց իր մոտ, և ոչ ես էի ճանաչում, չէի ճանաչում առջեւն իմ բնութագիրն է դրված և առաջարկեց, որպեսզի ստանձնեմ ռեկտորի պարտականությունները։ Ես մի պատասխան տվեցի, չգիտեմ՝ պարոն Աշոտյանը կհիշի թե ոչ, ասացի՝ գիտե՛ք, ուսումնական գծով, գիտական գծով, միջազգային հարաբերությունների գծով որևէ խնդիր չունեմ, բայց ֆինանսների գծով ունեմ ներքին խնդիր, որովհետև ինչ պաշտոն որ գրավել եմ Բրյուսովում, ես ֆինանսների հետ գործ չեմ ունեցել։ Պարոն Աշոտյանն ինձ հանգստացրել է, ասել է՝ դուք ունեք ֆինանսիստներ, նրանք կզբաղվեն դրանով։

Ընտրությունների արդյունքում նշանակվեցի համալսարանի ռեկտոր, այդ ժամանակ Բրյուսովի համալսարանի աշխատավարձերը բոլոր համալսարանների հետ համեմատած ամենացածրն էին, և բնականաբար, եթե հիշում եք, անցյալ անգամ պարոն Մելիքյանը նշեց, որ այո, Աշոտյանը բարի կամք որոշեց ցուցաբերել և բարձրացնել աշխատավարձերը։ Ես խոսեցի մեր ֆինանսիստների հետ, տվեցի ժամանակ, որպեսզի հաշվարկներ կատարեն, և ֆինանսիստներից ստացա պատասխան, որ  20%-ով մենք կարող ենք բարձրացնել, այնքան ցածր լինելով, որ 20%-ն էր, որ պետք է մի քիչ, մի քիչ գոնե բարձրացնել աշխատավարձերը։ Եվ աշխատավարձերը բարձրացվել են ոչ միայն դասախոսական կազմին, այլ ամբողջ անձնակազմին՝ սկսած տնտեսականից՝ վերջացրած գրադարանի աշխատողներով։

Այսպես, կես տարի հետո, երբ որ մեր ֆինանսական վիճակը բավականին լավ էր, իմ պատկերացմամբ, ես խնդրեցի մեր ֆինանսիստներից՝ ևս մեկ անգամ ուսումնասիրեք իրավիճակը, և մեր ֆինանսիստներն ինձ ասացին, որ, այո, ևս 20% մենք կարող ենք բարձրացնել։ Այ սա է եղել մեր ճգնաժամի պատճառը՝ ֆինանսական ճգնաժամի պատճառը՝ 2 անգամ 20%-ով: 25%-ը դա կախված է իմ ցուցմունքներից, որովհետև ես այն ժամանակ, երբ որ խոսում էի երկրորդ բարձրացման մասին ասացի՝ եթե հարկերն էլ հաշվենք, կստացվի, որ ոչ թե 20, այլ 25% է բարձրացել աշխատավարձը։ Իրականում 40% է բարձրացել աշխատավարձը, հարգելինե՛րս, հարկերը հետը կստացվի 50% և ոչ թե 25%, որը նշված է այս փաստաթղթում։

Ասեմ ձեզ, որ աշխատավարձերի բարձրացման ժամանակ մենք բուհ էինք։ Մենք, եթե համեմատենք այսօրվա հիմնադրամների հետ, մենք չունեինք այն․․․ մենք ավելի շուտ ունեինք այն ազատությունը, որն այսօր հիմնադրամները չունեն։ Եվ ես որևէ կերպ պարոն նախարարի հետ չեմ քննարկել աշխատավարձի բարձրացման հարցը, որովհետև ես իմ ցուցմունքում տվել եմ, որ ֆինանսական ճգնաժամի մեղքը լիովին իմն է։ Ես եմ․․․ կներեք, ինքնագլուխ բառը օգտագործեմ այստեղ, ես եմ այս ճգնաժամը ստեղծել՝ աշխատավարձերը երկու անգամ 20-ական տոկոսով բարձրացնելով։ Եվ երբ որ այս ճգնաժամը ստեղծվեց, ես չեմ դիմել նախարարին, ես անմիջապես գնացել եմ,  ասել եմ մեր կառավարման խորհրդի նախագահին՝ պարոն Վիգեն Սարգսյանին, որը այդ ժամանակ հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, և նա հրավիրեց պարոն Աշոտյանին, և մեր զրույցը այնտեղ տեղի ունեցավ, որովհետև ցուցմունքներում դա կա։ Ես մի քանի բանկերի դիմեցի վարկ վերցնելու և տեսա՝ այնպիսի տոկոսներ են, որ մենք դրանից դուրս չենք գա, և ես խնդրեցի միջամտել պարոն նախարարին և պարոն Սարգսյանին, որպեսզի օգնեն մեզ կառավարությունից ստանալ վարկ։ Սա է եղել այն, ինչ որ եղել է։ Եվ այս շտկումները ես խնդրում եմ հաշվի առնել, որովհետև ոչ ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացված այս մեծածավալ մեղադրականում»։

Գայանե Գասպարյանի շահերի ներկայացուցիչն էլ հավելեց, որ Գայանե Գասպարյանի մասով մեղադրանքն անհասկանալի է, որովհետև նկարագրված են այնպիսի դեպքեր և դրանց հիմքում դրված այնպիսի փաստակազմեր, որոնք միմյանց հետ որևիցե տրամաբանական կապի մեջ չեն գտնվում։ Մանրամասնեց․ «Եղել է գույք, որոշվել է գույքը օտարել, գույքի արժեքը որոշվել է․․․ 208 միլիոն դրամը և բնականաբար 215 միլիոն դրամով, այսինքն՝ շուկայական արժեքից ավելի բարձրով գույքը սովորական հատուցելի գործարքով որպես իրականացվել է, գումարը ստացվել է, գումարը մուտքագրվել է պետական բյուջե։ Եվ այստեղ ուղղակի վնաս եզրույթը մեզ համար հասկանալի չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գործով մյուս մեղադրյալ Արթուր Ավագյանի շահերի ներկայացուցիչն էլ հայտարարեց՝ իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքն առհասարակ հանցավոր չէ։ Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքը զուրկ է իրավական հիմքերից և որևէ առնչություն չունի իրական հանցագործության հետ։ Մեղադրական եզրակացությունում նկարագրված գործարքները պետական գույքի տնօրինման սովորական գործընթացներ են, որոնցում բացակայում են հանցագործության հատկանիշները։

Նա նկատեց, որ Արթուր Ավագյանը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրել է պաշտոն ԲՈՒՀ-ում և կատարել է իր աշխատանքային պարտականությունները։ Նա չի ունեցել որևէ որոշում կայացնելու, կառավարության փոխարեն հարցեր լուծելու կամ գույքն օտարելու լիազորություն կամ դիտավորություն։

Պաշտպանն ընդգծեց՝ գործարքների արդյունքում որևէ գույքային վնաս պետությանը չի պատճառվել, ավելին՝ գույքն օտարվել է շուկայականից բարձր կամ համարժեք արժեքով, և գումարները մուտքագրվել են բյուջե։ Հստակեցրեց՝ ԲՈՒՀ-ում ֆինանսական դժվարությունների առաջացումն ու աշխատավարձերի բարձրացումը բնականոն գործընթացներ են եղել և որևէ կերպ կապված չեն փողերի լվացման կամ հանցավոր այլ արարքների հետ։

Անդրադառնալով նախկին ռեկտորի ելույթին էլ, պաշտպանն ասաց, որ ֆինանսական հարցերի վերաբերյալ տրված մեկնաբանությունները ցույց են տալիս, որ մեղադրանքի կողմի ներկայացրած վարկածներում առկա են հակասություններ, և պաշտպանության կողմը դատական քննության ընթացքում հետևողականորեն ապացուցելու է առաջադրված մեղադրանքների սնանկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment