Քաղաքականություն
12.10.2026 | 17:07
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների հեղինակած որոշման նախագիծը, որով առաջարկվում է պատկան մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հանգամանքները պարզելու նպատակով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշեց, որ վերջին երեք տարիներին սա Սյունիքում սահմանային նմանօրինակ արդեն երկրորդ դեպքն է, և հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ։
«Արդյո՞ք հանձնաժողովը կարողանում է ապահովել թափանցիկ վերահսկողություն այս գործընթացին։ Ժողովուրդը պետք է իմանա՝ արդյունքը որն է, ով է պատասխանատու, որ համակարգը։ Գուցե համակարգին նոր ֆինանսավորո՞ւմ է պետք, տեսահսկման նոր սարքե՞ր են պետք։ Դեպքից անցել է 15 օր, ի՞նչ է արել հանձնաժողովը, ի՞նչ է արել Ազգային ժողովը։ Եթե այս նախագծին դեմ քվեարկեք, մենք նախաձեռնելու ենք ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորում» – հայտարարեց Կարապետյանը։
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հակադարձեց՝ նշելով, որ տեղի ունեցածը համակարգային խնդիր չի համարում և առանձին դեպքի առիթով քննիչ հանձնաժողովի ստեղծումն անհրաժեշտ չէ։ Միևնույն ժամանակ Գաբրիելյանը վստահեցրեց, որ հանձնաժողովը բնականոն հունով աշխատում է և առանց հատուկ որոշման էլ պատրաստվում էր գերատեսչությունների պատասխանատուներին հրավիրել ԱԺ։
«Այն բոլոր հարցադրումները, որոնք դուք բարձրաձայնում եք, մեզ էլ են հետաքրքիր, և մենք էլ ունենք ավելի շատ հարցեր։ Որևէ խնդիր չկա պատասխանատուներին Ազգային ժողով հրավիրելու և հարցերը քննարկելու համար։ Սակայն ընդդիմության այս նախաձեռնությունը մի փոքր առաջ ընկած է» – ընդգծեց Գաբրիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան