Նիկիտա Սիմոնյանի 100–ամյակի օրը «Սպարտակի» վետերանները ծաղիկներ են խոնարհել նրա գերեզմանին

Բաժանորդագրվել

Հիշատակի արարողությանը ներկա են եղել խորհրդային շրջանի հայտնի ֆուտբոլիստներ, իսկ «Սպարտակի» գլխավոր տնօրենը հայտարարել է, որ շուտով Սիմոնյանին նվիրված հուշարձան կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ֆուտբոլիստները Մոսկվայի «Սպարտակի» լեգենդ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակի օրը ծաղիկներ են խոնարհել նրա գերեզմանին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Խորհրդային ֆուտբոլի լեգենդին հարգանքի տուրք են մատուցել «Սպարտակի» վետերանները՝ 1980-ականների աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը` Ռինատ Դասաևը, ԽՍՀՄ չեմպիոն Եվգենի Լովչևը, Անզոր Կավազաշվիլին, Օլեգ Ռոմանցևը, ինչպես նաև Մոսկվայի և Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլիստ Վալերի Գազաևը։

«Սպարտակի» գլխավոր տնօրեն Սերգեյ Նեկրասովը հիշատակի արարողության ժամանակ հայտնել է, որ «Սպարտակ» մարզադաշտում հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի առաջնության խաղից առաջ կբացվի Սիմոնյանի հուշարձանը։

Հիշեցնենք՝ 99-ամյա Նիկիտա Սիմոնյանը մահացավ 2025 թվականի նոյեմբերի 23-ին:

Նա ծնվել է 1926թ. հոկտեմբերի 12-ին Արմավիրում: Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակը աշխարհի առաջնություններում (Շվեդիայում 1958 թ.):

Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, իսկ 1973 թվականին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել ռուսական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար:

Leave a comment