«Պարոն Ալեքսանյան, Կալուգայի տոմս առնենք, գնացեք, հանգստացեք, եկեք․ Կալուգայի թեման անընդհատ ցավում է ձեզ մոտ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Վահագն Ալեքսանյանին

«2025-ին վավերացված, այս տարի հուլիսին ամբողջացած այս համաձայնագիրը կառավարությանն ի՞նչն էր խանգարում, որ նախորդ քառօրյային չբերեց օրակարգ։ 2025-ին վավերացված այս համաձայնագիրը վերջին պահին բերել եք ԱԺ արտահերթ նիստ՝ դեռ սխալով։ Դուք ձեր կառավարության աշխատանքից գոհ ե՞ք»,-հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և վավերացվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հետաքրքրվեց․ «Ինչո՞ւմն է ձևականությունը, որ որոշել եք համաձայնագրի վավերացումը ներկայացնել այժմ։ Ինչո՞ւ այն չեք բերել այն ժամանակ, երբ COP 17-ի առաջին ֆինանսական հատկացումներն էին արվում։ Որքա՞ն գումար է արժենալու ՀՀ պետբյուջեին COP 17 համաժողովի անցկացումը»։

ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը տեղեկացրեց․ «Համաձայնագիրը նախատեսում է, որ ՀՀ-ն COP-17-ի քարտուղարությանը պետք է ինը ամիս առաջ փոխանցվեր 2 միլիոն 166 հազար 855 ԱՄՆ դոլարի գումար։ Ինչ վերաբերում է հարցին՝ այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող, աշխատանքները շարունակվում են, բոլոր պայմանագրերը կապալառուների հետ կառավարության որոշումներով են ընդունված»։

Անդրադառնալով COP 17-ի գնումների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին ի պատասխան ԱԺ նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Գործընկերներս ներկայացնում են պայմանագրերում թույլ տրված չարաշահումները, պարոն Ալեքսանյանը եկել, ստեղ էլի Կալուգայից է խոսում։ Ասում ենք՝ ստեղ հնարավոր կոռուպցիոն ռիսկ կա, պարոն Ալեքսանյանն էլի գնում է Կալուգա։ Պարոն Ալեքսանյան, շատ եք ուզում Կալուգա, տոմս առնենք, թռեք Կալուգա, տեսեք՝ ինչ կա էդտեղ, գնացեք, ման եկեք, հանգստացեք։ Կալուգայի թեման անընդհատ ցավում է Ձեզ մոտ»։

ԱԺ արտահերթ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment