ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնում է կասեցնել գնումների համակարգը, որի միջոցով Ուկրաինան ապահովվում է ամերիկյան զենքով, որպեսզի ստիպի Կիևին դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին Financial Times-ին հայտնել են եվրոպացի պաշտոնյաները անանունության պայմանով, հաղորդում է «Европейская правда»-ն։
Շաբաթ և կիրակի օրերին եվրոպացի այդ պաշտոնյաները հեռախոսազանգեր են ստացել ամերիկացի պաշտոնյաներից կամ տեղեկացվել նրանց հետ զրույցների մասին։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում եվրոպական մայրաքաղաքների ու Կիևի վրա՝ փորձելով դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումները։
Եվրոպացի պաշտոնյաները հավելել են, որ ԱՄՆ-ի ուղերձը պարունակում էր հետախուզական տվյալների փոխանակումը և PURL մեխանիզմի (Prioritised Ukraine Requirements List) աշխատանքը դադարեցնելու սպառնալիքներ։ PURL-ն ամերիկյան զենքի գնման մեխանիզմ է, որի ֆինանսավորմանը Միացյալ Նահանգները չի մասնակցում։
«Նրանք զանգահարում են Կիև… զանգահարում են բոլորին՝ Եվրոպայում»,- ասել է պաշտոնյաներից մեկը, որը հեռախոսազանգ է ստացել ԱՄՆ Պատերազմի նախարարության ներկայացուցչից։
Ամերիկացի պաշտոնյաների հետ կապ հաստատելու մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ռազմական խորհրդական, 93-րդ մեխանիզացված բրիգադի նախկին հրամանատար Պավել Պալիսան։
Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել կամ մեկնաբանել այդ հեռախոսազանգերի մասին տեղեկությունները։ Սպիտակ տունը նաև հրաժարվել է հայտնել՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը հաշվի է առնում Զելենսկիի առաջարկը՝ ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համաձայնել 60 օր տևողությամբ լիակատար հրադադար հաստատել, որպեսզի Ուկրաինան կարողանա ընտրություններ անցկացնել։
Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մեղադրել է պատերազմն ավարտելու ցանկության բացակայության մեջ՝ հայտարարելով, որ Ուկրաինային «ժամանակն է նոր առաջնորդ ընտրել»։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ ռուսական դիզելային վառելիքն ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարելու վերաբերյալ։
Դրանից հետո Զելենսկին հայտարարել էր, որ նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները միակողմանիորեն չեղարկելու և ռուսական դիզելային վառելիքի արտահանումը թույլատրելու որոշումն «անարդար և անազնիվ» է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի