Սոցիալիստական ինտերնացիոնալը մտահոգություն է հայտնել Բաքվում հայ գերիների դատավճիռների վերաբերյալ

Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը Բաքվում հայ գերիների դատավճիռների վերաբերյալ

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտում փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից հայտարարված որոշման կապակցությամբ՝ Ադրբեջանի տարածքում դեռևս պահվող և նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ձերբակալված 19 հայ կալանավորներից 15 -ի նկատմամբ երկարատև ազատազրկման պատիժների նշանակման վերաբերյալ։

Այս վճիռը, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ, հակասում է խաղաղության և հաշտեցմանն ուղղված ջանքերի ոգուն։

Մենք արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական ղեկավարությունը, ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, կատարել է կարևոր քայլ՝ առաջին անգամ տասնամյակների ընթացքում թույլ տալով բեռների տարանցումը իր տարածքից դեպի Հայաստան։ 2026 թվականի հունվարին ազատ են արձակվել չորս հայեր, որոնք Ադրբեջանում կրում էին ազատազրկման պատիժներ՝ 2020 և 2023 թվականներին ձերբակալվելուց հետո։

Այս ոգով, միացնելով մեր ձայնը միջազգային այլ կառույցների ձայնին՝ մենք դիմում ենք ադրբեջանական իշխանություններին՝ առաջիկայում զարգացնելու ներկայիս դրական դինամիկան և ազատ արձակելու Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բոլոր հայ կալանավորներին։ Նման քայլը կհանդիսանա բարի կամքի նշանակալի դրսևորում և էապես կնպաստի կայունությանը Հարավային Կովկասում։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) և Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment