2025թ.-ին 2024թ.-ի ցուցանիշի համեմատ հանցագործությունների թիվը նվազել է 3.2 %-ով․ ՆԳ նախարար

Սա վկայում է ՀՀ-ում ներքին անվտանգության մակարդակի մասին, ասել է ՆԳ նախարարը


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․2025 թվականին, 2024 թվականի համեմատությամբ, կատարված և դրանցով նախաձեռնված քրեական վարույթների նվազում ունենք ՀՀ-ում, այսինքն` 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3.2 %–ով։


Այս մասին այսօր ամփոփոիչ ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։


Նախարարի խոսքով՝ սա վկայում է ՀՀ-ում ներքին անվտանգության մակարդակի մասին։


Սարգսյանը հայտնել է, որ հանցավորության վիճակագրության մեջ կատարվել է մեթոդաբանական փոփոխություն, և եթե նախկինում տվյալ տարվա թվերի մեջ ներառվում էին նաև 90-ականներից կամ 2000-ականներից մնացած հին գործերը, ապա այս տարի հաշվարկվել են բացառապես տվյալ ժամանակահատվածում կատարված հանցագործությունները, ինչը թույլ է տվել դուրս բերել հանցավորության իրական պատկերը։


Նա հայտնել է, որ այս նոր մոտեցումը մշակվել է Դատախազության հետ համատեղ քննարկումների արդյունքում՝ ընդգծելով, որ այս փոփոխությունը պատահականության արդյունք չէ։


«Այսինքն` նախարարության համակարգում մենք ձևավորել ենք նոր վիճակագրական և հետազոտական կենտրոն, ով պատասխանատու է լինելու հանրապետական կտրվածքով այլևս հանցավորության ընդհանուր պատկերի համար և նաև տարբեր ուղղություններով անելու է հստակ վերլուծություններ և նաև ուղղորդելու է քաղաքականություն մշակողներին այս կամ այն որոշումները կայացնել», -ասել է Սարգսյանը։


Անդրադառնալով ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությանը՝ նախարարը նշել է, որ չնայած հրազենի գործադրմամբ հանցագործություններն աճել են 24 դեպքով, սակայն զգալիորեն ակտիվացել է դրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող օպերատիվ աշխատանքը։


Սարգսյանի տեղեկացմամբ՝ ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել է 115 անձ, իսկ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առգրավված զենք-զինամթերքի քանակը 2024 թվականի համեմատ աճել է 42.2 %-ով։

Leave a comment