«Роскачество»-ի ստուգումներից հետո Ռուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող էին շարունակել ապրանքների որակի վերաբերյալ փաստաթղթեր տրամադրել՝ վերագրանցվելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գրում է «Известия» թերթը՝ պնդելով, որ որոշ կենտրոններ սերտիֆիկատներ են ձևակերպում առանց անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելու։
Պարբերականի տվյալներով՝ նման սխեմաները կարող են գործել ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ, որոնք, ինչպես ենթադրում են թերթի աղբյուրները, լոբբինգ են անում տասնյակ լաբորատորիաների շահերը։ Հրապարակման մեջ նաև նշվում է, որ նման կազմակերպությունների շահերի առաջմղմանը կարող է առնչություն ունենալ Ներքին շուկաների հարցերով ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյանը։
Ինչպես գրում է պարբերականը, Ռուսաստանում լիցենզիաների չեղարկումից հետո սերտիֆիկացման կենտրոնների մի մասը շարունակել է գործունեությունը՝ գրանցվելով միության այլ երկրներում։ Ամենահաճախ հիշատակվող ուղղություններից են Ղրղզստանն ու Հայաստանը։
«Իզվեստիա»-ի վարկածով՝ նման վերագրանցումը լաբորատորիաներին թույլ է տալիս շարունակել ապրանքների որակի պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր ձևակերպել՝ չնայած Ռուսաստանում նրանց աշխատանքի վերաբերյալ եղած դժգոհություններին։
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել թվային հարթակների (մարկետփլեյսների) միջոցով ապրանքների վաճառքի նոր կանոններ։ Այժմ վաճառողների համար բավարար չէ մարկետփլեյսներին ներկայացնել որակի սերտիֆիկատի լուսապատճենը (սկանը)․ արտադրանքի անվտանգության հաստատման պահանջները խստացվել են կեղծ փաստաթղթերի և սերտիֆիկատների տարածման ֆոնին, որոնք, ինչպես պնդում են, տրամադրվել են առանց ապրանքների լիարժեք ստուգման։