Դիանա Վարդանյան-Մարաթյանը գլխավորել է Լիբանանի վիճակագրական ծառայությունը

Լիբանանի կառավարությունը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) թեկնածու Դիանա Վարդանյան-Մարաթյանին նշանակել է երկրի վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրեն, հայտնում է ՀՅԴ Լիբանանի մամուլի ծառայությունը։ Կառավարությունը որոշումը կայացրել է հոկտեմբերի 8-ին՝ նախագահական պալատում անցկացված նիստում։

Վարդանյան-Մարաթյանը պետական կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում նա ավարտել է պետական կառավարման բակալավրիատը՝ հոգեբանության լրացուցիչ մասնագիտացմամբ։

Նա միջազգային կազմակերպություններում աշխատանքի մոտ 20 տարվա փորձ ունի, որից մոտ 15 տարին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) լիբանանյան գրասենյակում։ Զբաղվել է պետական ինստիտուտների բարեփոխման, պատշաճ կառավարման, օրենքի գերակայության, խորհրդարանական զարգացման, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։

ՄԱԶԾ-ում Վարդանյան-Մարաթյանը համագործակցել է Լիբանանի խորհրդարանի, նախարարությունների, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Նշանակումից առաջ նա աշխատել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի լիբանանյան գրասենյակում՝ որպես ծրագրերի ավագ ղեկավար և անվտանգության ոլորտի բարեփոխումների խորհրդատու։ Նա համակարգել է Լիբանանի զինված ուժերում քաղաքացիական-ռազմական փոխգործակցության ամրապնդման ծրագրեր և մասնագետներին ուսուցանել նախագծերի կառավարում։

Վարդանյան-Մարաթյանը մասնակցել է նաև տարածաշրջանային և միջազգային համաժողովների և կամավորական աշխատանք է կատարել հայկական համայնքային կենտրոններում։

ՀՅԴ-ն Լիբանանի խոշորագույն հայկական կուսակցություններից է։ Երկրի խորհրդարանում հայ համայնքին վերապահված է վեց տեղ։

Armenia Today

Leave a comment