Կառուցապատողների հայկական ասոցիացիան «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովի շրջանակներում մեկ հարկի տակ է համախմբել պետական մարմինների ղեկավարներին և մասնավոր բիզնեսին՝ արձանագրելու քաղաքաշինության ոլորտում արձանագրված հաջողությունները, նախանշելու խնդիրներն ու քննարկելու դրանց լուծման ուղիները:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն ընդգծում է՝ արդեն իսկ պատկան կառույցների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում մայրաքաղաքի նոր կառուցվող շենքերը չեն ունենա գազամատակարարման խնդիր, այժմ լուծում ճանապարհին է էլեկտրամատակարարման հարցը, նորակառույցների ջրամատակարարումը ևս կառավարության ուշադրությունում է:
Աննախադեպ կառուցապատման, բնակարանային բումին զուգահեռ կառուցապատողներն առանձնացնում են էլեկտրակարարման ցանցի վատթար վիճակը: ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ փոխգործակցության արդյունքում ոչ մի բազմաբնակարան առանց հոսանքի չի մնա, բացի այդ, նաև նոր բաժանորդ դառնալու սակագներն են նվազել:
Չիրականացան ապոկալիպտիկ կանխատեսումները, թե կառուցապատման անկում կլինի, պատկերը հառակն է՝ պնդում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Նրա խոսքով՝ այսօր թե՛ կառուցապատման, թե՛ շինարարության ու բնակարանների առքուվաճառքի ծավալներն աճում են:
Աշխատաժողովի ընթացքում ընթացքում ներկայացվեցին այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն մեր երկրում քաղաքաշինության ոլորտում ծառացած խնդիրները լուծելու համար:
Ոլորտի ներկայացուցիչ, «Այգի» բիզնես կենտրոնի համահիմնադիր Հարություն Պետրոսյանը կարևորում է հատկապես կանաչ կառուցապատումը, որը նոր շենքը լինի ոչ միայն ժամանակակից, այլև՝ էկոլոգիապես մաքուր:
Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը բարձրացնել և տեղում պատասխանատուներից արձագանքներ ստանալ: